News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները, որոնք համակրածիք չէին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների՝ դասադուլի դադարեցման որոշման հետ, եւս դադարեցրել են դասադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վահրամ Գրիգորյանը: Նա նշեց, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ քննարկել են հետագա քայլերը եւ որոշել են սպասել մինչեւ նոյեմբերի 22-ը՝ կլոր սեղանի շուրջ քննարկումներին:

«Մենք քննարկեցինք տղաների հետ, որոշեցինք, որ մենք էլ ենք ժամանակավորապես դադարեցնում դասադուլը, մինչեւ հասկանանք, թե կլոր սեղանի շուրջ քննարկումների արդյունքում ինչ որոշում կկայացնեն»,-ասաց նա:

Նոյեմբերի 15-ին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ու ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպում էր տեղի ունեցել, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը եւ լուծումներ առաջարկել: Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը: Ուսանողները որպես բողոքի նշան փակել էին Բաղրամյան պողոտան, ոստիկանները փորձել էին ուժով ազատել պողոտան, հրմշտոց էչ սկսվել ուսանողների եւ ոստիկանների միջեւ:

 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ