News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում տեղի ունեցած վերջին երկրաշարժը եւ դրան հետեւած ցնցումները, որոնք զգացվել են նաեւ Հայաստանի հարավում, գերտաքացման հետեւանքն են: Նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինժեներ, Հայաստանի Գյուտարարների միության անդամ Գագիկ Ալավերդյանը՝ նշելով, որ ինքն այս երեւույթները կանխատեսել էր դրանից մի քանի օր առաջ՝ համապատասխան գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Նա որպես ապացույց ներկայացրեց էջից կատարած նոյեմբերի 9-ով թվագրվող քաղվածքը:

Գյուտարարի կարծիքով՝ երկրաշարժը այն բարձր ջերմաստիճանների հետեւանքն է, որոնք այս ամռանը տարածաշրջանում մի քանի տասնյակ օր պահպանվել են: Նման երեւույթի պատճառը գերտաքացման պրոցեսներում է, որոնց հետեւանքով երկրակեղեւում ճեղքեր են առաջանում, իսկ հետագայում հորդ անձրեւներից եւ ճեղքերի լցվելուց հետո սկսվում է տարբեր ուղղություններով սալերի տեղաշարժը:

«Մեր տարածաշրջանում, ավելի շուտ, տեղի է ունեցել սալերի հորիզոնական սահմանակցում, ինչը եւ հանգեցրել է ցնցումների»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ երկրի մակերեւույթի գերտաքացման պրոցեսը սկսում է ակտիվանալ եւ ավելի մեծ տարածքներ է ընդգրկում: Դրա հետ մեկտեղ, գրանցվում են օդի ռեկորդային ցածր եւ բարձր ջերմաստիճաններ, որոնք տասնյակ օրերով պահպանվում են:

«Սկզբնական փուլում այս պրոցեսը կզգացվի տվյալ տարածքում գերտաք եւ գերսառը հոսանքների համատեղ ազդեցության տեսքով, սակայն հետագայում ընդգրկման շառավիղը կմեծանա»,- պարզաբանեց գիտնականը:

Նման երեւույթի ականատեսն ենք եղել անցած ձմռանը, երբ օդի սառը եւ տաք հոսանքների բախման հետեւանքով Արաքս գետի վրա եւ շրջակա տարածքներում մառախուղ գոյացավ: 2-3 օր հետո այն սկսեց իջնել՝ ընդգրկելով ամբողջ Արարատյան դաշտավայրը, եւ խիտ շերտով այնտեղ պահպանվեց ավելի քան 40 օր՝ հանգեցնելով մայրաքաղաքում եւ մոտակա շրջաններում սաստիկ ցրտերի:

«Այս երեւույթն այդքան ուժգին չէր լինի, եթե Երեւանն ու ամբողջ Արարատյան դաշտավայրը ձյան ծածկոցի տակ չլինեին: Իրականում սա ամենավտանգավոր տարբերակն է, երբ գերտաքանալու եւ գերցրտելու համատեղ առաջացման ժամանակ հողը ձյունով է ծածկված»,- նշեց Ալավերդյանը: 

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, որոնց կարող են հանգեցնել բնական նման շեղումները, գիտնականը, նախքան մառախուղն առաջանալն ու Արարատյան դաշտավայրում ցրտերի սկսելը, դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հորոդորելով նրանց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրադարձությունների հետագա զարգացումը ողբերգական հետեւանքների չհանգեցնի: Սակայն, ինչպես պնդում է Ալավերդյանը, ռիսկերի, որոնցով հղի է տասնյակ օրեր շարունակվող  խիտ մառախուղը իր հաշվարկները, ուսումնասիրությունները, կանխատեսումները գերատեսչության կողմից մերժվել են:

«Ամեն անգամ ինձ պատասխանում էին, իբր, կարող եք չանհանգստանալ, մեր կողմից ամեն ինչ վերահսկվում է: Հասկանալով՝ ինչն ինչոց է, ստիպված նամակ գրեցի վարչապետին, որովհետեւ պոտենցիալ ռիսկերը շատ մեծ էին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ատոմային էլեկտրակայան կա: Իմ հիմնական մտահոգությունները կապված էին ռադիացիայի առաջացման հավանականության հետ: Քանի որ ԱԷԿ-ի գոլորշին (որում ամեն դեպքում կարող է նույնիսկ աննշան քանակությամբ ռադիացիա լինել) վեր բարձրանալով՝ կմնա մառախուղի խիտ շերտի մեջ՝ չկարողանալով ավելի վեր բարձրանալ: Ապա այն կսկսի տարածվել՝ տարածվելով ամբողջ Արարատյան դաշտավայրում, քանի որ ամպերը գտնվում են շատ փոքր բարձրության վրա: Մեր բախտը պարզապես բերել է, որ դա տեղի չի ունեցել»,- նշեց գիտնականը:

Ալավերդյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել խիտ մառախուղի ծածկույթի տակ գտնվող տարածքներում գործող բոլոր ձեռնարկությունների գործունեությունը, որոնք մթնոլորտ թունավոր նյութեր են արտանետում, որպեսզի խուսափենք բնակչության թունավորման դեպքերից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ