News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոմանք արդեն 50 տարեկանում են սկսում մտածել թոշակի անցնելու մասին։ Սակայն ամերիկյան նավատորմի վետերան 94-ամյա Սարգիս Թաթիկյանը չի կիսում այդ տեսակետը։

Թաթիկյանը, որը ծագումով հայ է, վերջերս արժանացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության մրցանակին՝ ռազմածովային նավատորմում իր 75-ամյա ծառայության համար։ Սարգիս Թաթիկյանը ԱՄՆ ՊՆ պատմության մեջ ամենաերկարամյա ծառայողն է։

«Ես 19 տարեկանում եմ սկսել ծառայել ՌՕՈՒ Գլխավոր վարչությունում որպես քաղաքացիական ռադիոտեսուչ։ 1943-ի ապրիլին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ես ընդունվեցի ԱՄՆ ռազմածովային նավատորմ ու դարձա նավաստի»,- պատմել է Սարգիս Թաթիկյանը  NEWS.am-ին տված հարցազրույցում։

Սարգիս Թաթիկյանի ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար։ «Հայրս կարողացել է Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնալ ՝ փախչելով ԱՄՆ։ Նա  1919-ին  բնակություն է հաստատել Նորֆոլքում, Վիրջինիա նահանգում ու աշխատանքի ընդունվել տեքստիլ արտադրամասում։ Մայրս ու նրա ընտանիքը սկզբում փախել էին Ֆրանսիա, մինչեւ ԱՄՆ տեղափոխվելը։ Հորս ընկերը նրան հեռակա ծանոթացրել էր մորս հետ ու նրանց միջեւ  նամակագրական կապ էր սկսվել,  որից հետո մայրս տեղափոխվել է ԱՄՆ՝ հորս մոտ։ Նրանք ամուսնացել են 1921-ին»,- պատմում է Սարգիսը։

Այն հարցին՝ արդյոք ինքը կամ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը եղել են Հայաստանում ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը պատասխանում է, որ դրան խանգարել է Սառը պատերազմը։ «Խորհրդային միության ու ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմի պատճառով դժվար էր ստանալ վիզա ու Հայաստան մեկնել , երբ ես երիտասարդ էի»,- բացատրում է Թաթիկյանը։

75-ամյա ծառայությանը նվիրված արարողության ժամանակ ԱՄՆ ՌԾՈՒ ծառայողը ստացել է շնորհավորանքներ, պարգեւատրություններ ու շնորհակալական նամակներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Մաքքեյնից, պնախարար Ջեյմս Մեթթիսից ու ՌԾՈՒ քարտուղար Ռիչարդ Սփենսերից։ 

1979-ի հունիսին Թաթիկյանը նշանակվել է ՌԾՈՒ փոքր ու արտոնյալ ձեռնարկությունների հետ կապերի վարչության փոխտնօրեն։ Նա շարունակում է աշխատել այդ նույն վարչությունում, որտեղ հիմա զբաղեցնում է փոքր բիզնեսի ծրագրի գրասենյակի փոխտնօրենի պաշտոնը։ Վարչության փորձագետների գնահատականներով՝ այդ պաշտոնում Թաթիկյանի գործունեության ընթացքում փոքր ձեռնարկությունները 100 մլրդ դոլար ընդհանուր արժողության պայմանագրեր են ստացել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ամենից հետաքրքիր համարում իր աշխատանքում, նա ասում է․ «Օգնելով մարդկանց, որոնք փոքր բիզնես ունեն, ես ասես զգում եմ իմ անձի կարեւորությունը։  Կարծում եմ, որ աշխատանքը կարևոր է առողջության համար։ Ցանկացած տարիքում պետք է անել որեւէ կարեւոր բան։ Մարդկանց պատճառ է պետք, որպեսզի ամեն առավոտ վեր կենան անկողնուց»։

Նշենք, որ Թաթիկյանը առայժմ թոշակի անցնելու մտադրություն չունի։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ