News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զիմբաբվեի ժողովուրդը ոգեւորված է այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջումով եւ դրական է գնահատում կատարվածը։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Համաշխարհային առողջապահական կազմակերպության Զիմբաբվեի գրասենյակի նախկին տնօրեն Լեւոն Արեւշատյանը, ով 1998 թվականից բնակվում է Զիմբաբվեում։

Պարոն Արեւշատյան, ինչո՞վ է պայմանավորված Զիմբաբվեի ռազմական հեղաշրջումը: Ինչու՞ բանակը գնաց նման քայլի:

Սկզբունքորեն, սա սպասվում էր, թեեւ դժվար է ասել երբ դա տեղի կունենա, բայց սկսվեց որովհետեւ, ինչպես ասում են, դանակը ոսկորին էր հասել: Երկրի տնտեսական վիճակի վատթարացումը, ազգային դրամի անհետացումը եւ երկիրն ընկավ շատ վատ տնտեսական դրության մեջ: Խեղճ ժողովուրդը բանկերից չէին կարողանում ստանալ իրենց կուտակած գումարը: Գիշերվանից հերթ էին կանգնում, որ առավոտյան կարողանան իրենց տնտեսած գումարիներից մի 30-40 դոլար վերցնել: Երկրորդ պատճառը կոռուպցիան էր, որ ընդգրկում էր երկրի նախագահին շրջապատող որոշ մարդկանց, որոնք այժմ ձերբակալված են: Երկրի նախագահը, որ 93 տարեկան է, թույլ տվեց որ իր 52-ամյա կինն ընդգրկվի երկրի քաղաքականության մեջ եւ վճռական որոշումներ կայացնի, որոնցից մեկը փոխնախագահին եւ այլ նախարարներին կառավարությունից հեռացնելն էր: Այս վերջին քայլը գրգռեց նախկին վետերաններին, որոնք եղել էին Մուգաբեի պայքարի մասնակիցները: Այս երկու դրդապատճառները մեծ նշանակություն ունեին հեղաշրջման գործում: 

Արդյոք բանակը միայնա՞կ էր գործում թե նախորդ շաբաթ պաշտոնից հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի կամ այլ ուժերի միջամտությամբ է կատարվել հեղաշրջումը:

Նախագահի կնոջ եւ փոխնագահի միջեւ արդեն երկար ժամանակ ընթանում էին հակասությունները: Վերջին շրջանում իրենց մեջ անընդհատ լեզվակռիվ էր տեղի ունենում, որն ավարտվեց նրանով, որ նախագահ Մուգաբեն հայտարարեց, որ կարող է իրեն պաշտոնից հեռացնել եւ հաջորդ օրը մենք լսեցինք, որ փոխնախագահը հեռացվել է ոչ միայն պաշտոնից, այլեւ կուսակցությունից:

Ինչպիսի՞ն է հիմա իրավիճակը Զիմբաբվեում, ի՞նչ տրամադրություն է տիրում ժողովրդի մոտ:

Ժողովուրդը ոգեւորված է այս որոշումներով եւ դրական է գնահատում կատարվածը: Նախօրեին բազմամիլիոնանոց բազմությունը հավաքվել էր երկրի տարբեր քաղաքներում, տոնում էին զինվորական միջամտությունը, որն անցավ անարյուն եւ խաղաղ: Բռնություն կիրառվել է միայն այն նախարարների նկատմամբ, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով, իսկ մնացած բոլոր հարցերը բանակը լուծել է հիանալի ձեւով եւ շատ կազմակերպված: Սա բացառիկ երեւույթ է, երբ ժողովուրդն այսքան հարգանքով է վերաբերվում բանակին: Նույնիսկ որոշ զինվորների կանգնեցնում են փողոցում՝ նրանց կոշիկները փայլեցնելու համար: Դա մի չտեսնված դրվագ է, որ ամեն ինչ ասում է:

Ի՞նչ մարտահրավերներ են սպասվում Զիմբաբվեին: Արդյոք կա՞ վտանգ որ իշխանությունը մեկ բռնապետից կարող է անցնել մյուսին:

Նախ եւ առաջ կլինի հետաքննություն կոռուպցիայի մեջ ներգրավված կառավարության անդամների նկատմամբ: Դա առաջին բանն է, որ ժողովուրդը պահանջում է, որից հետո կլինեն նոր ընտրություններ 2018թ-ի ապրիլի 18-ին: Ընտրությունները պետք է ընթանան ամբողջությամբ ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Անպայման կլինի տնտեսության բարելավում: Շատ գործարար զիմբաբվեցիներ, հաճույքով կվերադառնան իրենց երկիր, քանի որ նախկինում պայմանները նպաստավոր չէին, իսկ հիմա սպասվում է, որ նրանք կվերադառնան մոտակա երկրներից: Իրենք հողագործության լավ մասնագետներ են եւ հույս կա, որ Զիմբաբվեն կրկին կվերածվի «մթերքի զամբյուղի» հարեւան երկրներին մթերք մատակարարելու համար: Իսկ այս պայմաններում այդ զամբյուղը դատարկ է, եւ ընդհակառակը՝ հարեւան երկրներն են լցնում այդ զամբյուղը:

Արդյոք կա՞ ընդդիմադիր ուժ, որ կարող է փոխարինել ներկա իշխանությանը: Ո՞վ Ձեր կարծիքով կզբաղեցնի նախագահի պաշտոնը:

Դժվար է ասել, թե որ կընտրվի, ընտրությունները ցույց կտան, իսկ նախքան ընտրությունները պետք է լինի ժամանակավոր կառավարություն, եւ դրանից հետո նոր կընտրվի նախագահ: Շատերի կարծիքով դա կարող է լինեն Մնանգագվան:

Հ.Գ. Հարցազրույցն արվել է նախօրեին, երբ դեռ հայտնի չէր, որ Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) որոշում է կայացրել երկրի նախագահի պաշտոնում առաջադրել Մնանգագվայի թեկնածությունը։

Մարիա Հովսեփյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ