Չնայած Վաշինգթոնի վարած ռուսաֆոբ քաղաքականության հետեւանքով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ խորը տարաձայնություններին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցությունը չի տուժել։ Այս մասին երկուշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ մի կերպ չի ազդում։ Ղարաբաղի խնդրի կարգավորումը միջնորդ երկրների տեսակետից ունիկալ է նրանով, որ չնայած շատ խորը տարաձայնություններին, որոնք հիմա մեր հարաբերություններում կուտակվել են առաջին հերթին կոնգրեսի եւ Դեմոկրատական կուսակցության, մեծամասամբ Հանրապետական կուսակցության ռուսաֆոբ քաղաքականության շնորհիվ։ Իհարկե, հարաբերությունների շատ ոլորտներ խորը փակուղի են մտել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցությունը չի տուժել դրանից»,- ասել է Լավրովը։