News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր չի կարող իրականացնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԱԻՄ նախագահի պահանջին եւ հայտարարած հացադուլին:

Նրա խոսքով, գործող Սահմանադրության 202-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրաքվե կարող են նախաձեռնել նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ՝ 200 հազար քաղաքացիների կողմից, սակայն նույն սահմանադրության անցումային դրույթներում նշվում է, որ այդ դրությը ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը:

«Շատ հստակ նշվում է, որ նշված 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաեւ ամրագրված  է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականացումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»,-ասաց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ գործող դրույթներով սահմանադրական նորմերն են՝ Սահմանադրություն ընդունվում  կամ դրանում փոփոխություն կատարվում են հանրաքվեի միջոցով` ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ. «Խնդիրը հետեւյալն է՝ համաձայն Սահմանադրության իրավանորմերի, որտեղ սահմանված է  քաղաքացիների կողմից նախաձեռնություն անցկացնելու իրավունք, հստակ է նշված, թե այդ իրավանորմը որ ժամանակային պահից է սկսելու գործել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ:

ԱԻՄ նախագահը ցանկանում է կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինս պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել` պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:

Նշենք, որ նա հացադուլն սկսել է նախօրեին երեկոյան՝ իր առանձնատանը, իսկ արդեն այսօր եկել է ԿԸՀ շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ