News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ-ում ապրող երեխաների միայն 28,7 տոկոսն է հաճախում նախակրթարաններ, իսկ գյուղական համայնքներում միայն 17,2 տոկոսը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեխաների համաշխարհային օրվան նվիրված ՀՀ ԱԺ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նիստում իր ելույթում, վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալները,  ընդգծեց  Երեւանի Րաֆֆու անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը:

«Ոչ մի ծառ հենց սկզբում չի լինում մեծ ու փարթամ, գեղեցիկ: Նույնն էլ երեխաներն են՝ հենց ծնված օրվանից պետք է խնամել ու նրանց տալ այն ամենը, ինչ պետք է նրանց լավ աճի համար: Երեխաներին այդ ամենից բացի նաեւ լավ կրթություն է պետք է: Հարվարդի գիտնականները պարզել են, որ երեխայի ուղեղի առանցքային զարգացման ամենակարեւոր շրջանը 0-5 տարեկանն է: Քանի որ մարդու ուղեղը տարիքի հետ կորցնում է իր ճկունությունը, անչափ կարեւոր է, որ այս տարիքում երեխայի ուղեղի զարգացման համար նպաստավոր պայմաններ լինեն: Իրենց կրթությունը երեխաները ստանում են ինչպես ընտանիքում, այնպես էլ կրթական հաստատություններում»,-նշեց նա:

Կարեւորելով հատկապես նախակրթարանների դերը երեխաների զարգացման հարցում՝ Սամվել Խաչիկյանը ընդգծեց. «Ցավալի է այն փաստը, որ մոտ 80 գյուղական համայնքներում նույնիսկ մանկապարտեզ չկա, 190-ում կա, սակայն չի գործում: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր գնացել են նախակրթարաններ, ապա շատ ավելի զարգացած ուղեղ ունեն ու շատ ավելի արագ են յուրացնում տարատեսակ հմտությունները: Մի վտանգավոր խնդիր էլ կա՝ Երեւանում մանկապարտեզներն անվճար են, սակայն շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխային մանկապարտեզ ուղարկել, որովհետեւ մանկապարտեզում տեղ չկա: Դրա համար շատ հաճախ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը»:

Տպել
Ամենաշատ