News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ճամայկայի» ձեւավորման մասին բանակցություններն ու համաձայնությունները սկսվել են բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից գրեթե անմիջապես հետո։ Հաջողության դեպքում կոալիցիան կստանար 709 մանդատներից 393-ը, բայց լիբերալների դուրս գալուց հետո ՔԴՄ/ՔՍՄ-ն ու «Կանաչները» կարող են ակնկալել մանդատների միայն 44 տոկոսը ու մեծամասնություն չեն ստանա։ Արդյունքում հասանելի են մնացել երկու տարբերակներ՝ փոքրամասնության կառավարությունը, որը Գերմանիայի պատմության մեջ երբեւէ չի եղել ու նոր ընտրությունները, որոնք դեռ երբեք այդքան արագ չեն հայտարարել։ Նոյեմբերի 20-ի գիշերը լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները հայտնել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կառավարական կոալիցիայի ստեղծման մասին արդեն չորս շաբաթ տեւած խորհրդակցություններից՝ բացատրելով այդ որոշումը բանակցությունների մասնակիցների միջեւ «վստահության բացակայությամբ» , նաեւ ԱԴԿ-ի ու ՔԴՄ եւ ՔՍՄ պահպանողականների անհաղթահարելի տարաձայնություններով։ Նա հավելել է, որ ավելի լավ է առհասարակ կառավարություն չունենալ, քան ունենալ սխալ կառավարություն։

Վունդերկինդի իմիջով խաղացողը՝ ԱԴԿ առաջնորդ Քրիստիան Լիդները

Սեպտեմբերի 24-ի ընտրություններին Ազատ դեմոկրատական կուսակցությունը 10․7 տոկոս ձայն ստացավ եւ հնարավորություն՝ մտնել նոր կառավարություն։ Այդ հաջողությունը նախեւառաջ լիբերալների առաջնորդ 38-ամյա Քրիստիան Լինդների արժանիքն է, որը բարեփոխել է ճգնաժամ ապրող կուսակցությունը։ Հիմա այն «Մեկ մարդու կուսակցություն» է դարձել։

Քրիստիան Լինդները դեռ դեռահասության տարիներից է անդամակցել Ազատ դեմոկրատական կուսակցությանը։ Սկզբում քաղաքականությունը նրա համար հոբի էր, ինչպես ինքն է խոստովանում։ Նա ուներ գովազդային գործակալություն, 2000-ականներին նա բացել է իր երկրորդ գործակալությունը, որը զբաղվում էր առցանց առեւտրով, բայց ընկերությունը սնանկացել է։ Այդ նույն 2000-ին Լինդները դարձել է Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի լանդթագի ամենաերիտասարդ պատգամավորը, լինելով 21 տարեկան։

Այդ ժամանակվանից ի վեր Լինդների քաղաքական կարիերան վերելք է ապրել։

2009-ին նա ընտրվել է բունդեսթագի պատգամավոր, նաեւ զբաղեցրել կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ ժամանակ լիբերալները ընդգրկվեցին իշխող կոալիցիայի մեջ ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական բլոկի հետ՝ կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարությամբ։ Բայց այդ կոալիցիայում ներդաշնակ հարաբերություններ չկային եւ անընդհատ վիճաբանություններ էին ծագում։

Քրիստիան Լինդների անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ 2011-ին նա ամուսնացել է լրագրող Դագմար Ռոզենֆելդ Լինդների հետ, որը աշխատել է Die Zeit թերթում, իսկ հիմա WeltN24 մեդիա խմբի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Դագմարը կնոջից յոթ տարով մեծ է, զույգն առայժմ երեխա չունի։

Գերմանիայի կուսակցությունները հայտնել են «Մերկելի դարաշրջանի» ավարտի սկզբի մասին

«Ձախեր» կուսակցության նախագահ Կատյա Կիպինգը համարում է, որ նոր կառավարության ձեւավորման բանակցությունների ձախողումից հետո սկսվել է Անգելա Մերկելի դարաշրջանի ավարտը։

Քիպինգի խոսքով՝  այն «բաց իրավիճակը» իրավիճակը, որը ստեղծվել է Գերմանիայի քաղաքական դաշտում, մեծ մարտահրավեր է բոլոր քաղաքական ուժերի համար, սակայն նաեւ նոր հնարավորություններ է բացում, որոնցից մտադիր են օգտվել «Ձախերը»։

«Ճամայկա» կոալիցիայի ստեղծման մասին բանակցությունների ձախողման համար Մերկելին է մեղադրում նաեւ ԱԴԿ անդամ Ֆոլքեր Վիսսինգը։ Նրա խոսքով՝ այդ բանակցությունները սկզբից եւեթ ճիշտ չէին կառուցված, իսկ կանցլերը չի կարողացել հարթել տարաձայնությունները։ Նա հետաձգում էր որոշումը ու միգրացիայի եւ եվրոպական քաղաքականության հարցերը երկրորդ պլան էր մղում՝ հույս ունենալով, որ դրանք ինքնըստինքյան կհարթվեն։

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյա կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդն ու ԱԼիսա Վայդելը Մերկելին այդ իրավիճակում կոչ են արել հրաժարական տալ։ Գաուլանդի կարծիքով՝ կոալիցիա ստեղծել չի հաջողվել, քանի որ այն չէր արտահայտում «հասարակական կոնսենսուսը»։

Մերկելի արձագանքը․ Ես կկապվեմ նախագահի հետ

Մերկելը, մեկնաբանելով բանակցությունների ձախողումը, հայտնեց, որ կուսակիցների հետ միասին կշարունակի պատասխանատվություն կրել երկրի համար։

«Մեք չկարողացանք հաջողությամբ ավարտել կոալիցիոն բանակցությունները։ Դա նշանակում է, որ վաղն առավոտյան ես կկապվեմ նախագահի հետ, նրան կտեղեկացնեմ  իրադրության մասին ու կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում»,- ասել է կանցլերը։

Նրա խոսքով՝ բանակցություններում կարեւոր հարցը միգրացիան էր՝ լիբերալների հետ տարաձայնությունները այս հարցում փոքր էին, «Կանաչների» հետ էլ էր հնարավոր փոխզիջում գտնել։

Ստեղծված իրավիճակում Մերկելը ստիպված է եղել հետաձգել հանդիպումը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, որը պետք է կայանար երկուշաբթի։

Նյութերը՝ DW-ի, «ՌԻԱ Նովոստիի»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ