News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում:

Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է Համալսարան, սակայն նախ հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել եւ ստանալ ուսման վարձի փոխհատուցում, ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, եւ նա այլեւս չի կարող օգտվել այդ արտոնությունից:

Կ. Ղ.-ի խախտված իրավունքները վերականգնելու եւ ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 12-ին դիմեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվեց:

Այնուամենայնիվ ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել էր, թե Կ. Ղ.-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել, այն միայն վերաբերել է ուսանողական իրավունքները վերականգնելուն, այդ մասով էլ դիմումը քննարկվել է դեկանատում: ԿԳ նախարարի տեղակալը անուղղակի կերպով հերքել է նաեւ երկրորդ դիմումի պատասխանի վերաբերյալ ուսանողի պնդումները եւ հայտնել, որ ռեկտորատի 2017 թ. հոկտեմբերի 16-ի նիստում որոշվել է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Կ. Ղ.-ին: Ուշագրավ է, որ Նախարարի տեղակալի վկայակոչած ռեկտորատի նիստը տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ԿԳ նախարարին գրություն ուղարկելուց հետո միայն, սակայն Վ. Մկրտչյանը իր պատասխանում դրա մասին որեւէ ակնարկ չի անում եւ իրադարձությունները ներկայացնում այնպես, կարծես խնդիրը լուծվել է դրանից առաջ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news