«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ: Մեկ տարի նիստերը բոյկոտելուց հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ  նման համաձայնագիր է կնքել ՀՎԿ-ի տարածքային կառույցը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր խոսքում նշեց, որ դա չի նշանակում, որ քաղաքական համաձայնագիրը ավագանու շրջանակներից որեւէ կերպ դուրս է գալիս. «Սա երբեք ու երբեւէ չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն: Սա քաղաքապետի ու Արկադի Փելեշյանի գլխավորած կառույցի լոկալ համագործակցության հուշագիր է»,-ասաց նա:

Շնորհակալություն հայտնելով ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին՝ արձագանքելու համար, Մ. Ասլանյանը կարծիք հայտնեց, որ համագործակցությունը Վանաձոր քաղաքին բերելու է դրական տեղաշարժ:

Ա. Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը դրվեց ներկա ՀՀԿ, ՀՅԴ եւ ՀՎԿ կուսակցությունները ներկայացնող ավագանու անդամների քվեարկությանը: Ներկա ավագանու 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին հարցին: Նիստին չեն մասնակցում «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները:

Արկադի Փելեշյանը եւս անմասն չմնաց: Նա կողմ քվեարկեց ինքն իրեն  վերաբերող հարցին:

Նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Ա. Փելեշյանին:

Ինչո՞ւ ավելի շուտ չէիք մասնակցում ավագանու նիստերին, ավելի շուտ չէիք արձագանքում քաղաքապետի առաջարկին:

Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի նենց լիներ, ինքը քաղաքապետ լիներ, տեսա բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի էղնում: Ես եկել եմ էսօր աշխատելու ի օգուտ մեր ժողովրդի, փորձեմ մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ:

Ինչ մարդկային վերաբերմունքի մասին էր ձեր հայտարությունը: Նշել էիք, որ բացի քաղաքական վերաբերմունքից մարդկային վերաբերմունք էիք ակնկալում:

Ուրեմն լսեք, մի տարի ՔրիստՄարուքյանը մեզ մի անգամ չի դիմել, մի տարի մի անգամ չի տեսել մեզ, չի ասել իրա ծրագրերի մասին:

Իրենք ասում էին, որ անելու են բոյկոտն այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն դավաճանները:

Ուրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում, ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, Վսյո, նաֆիգ:

Ինչու եք փոշմանել:

Ոնց ինչո՞ւ, որ քաղաքն էս օրն ա գցել:

Նշենք, որ մինչ այս համաձայնագիրը մեկ տարի առաջ «Հայկական վերածնունդը» կոալիցիա էր կազմել «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի արդյունքում նախատեսվում էր, որ Քրիստ Մարուքյանը պետք է դառնա Վանաձորի քաղաքապետ: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու անդամների մեծամասնությունը քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին:  «Հայկական վերածնունդը» համարում է, որ կոալիցիան վերաբերվում էր բացառապես համայնքի ավագանու առաջին նիստին. հիմա իրենք իրենց գործողություններում ազատ են, իսկ «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է դիմել կառավարություն՝ Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով: