News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով նոր հնարավորություն եւ դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն, ինչից էլ բխում է ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ցուցարար ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների կլոր սեղան ձեւաչափով քննարկմանը։  Այն սկսվելու է վաղվանից եւ հեռարձակվելու է ուղիղ։

«Չեմ կարծում ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի: Այս օրենքով նոր հնարավորություն եւ դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում:  Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են»,–ասաց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ այս քննարկումը  հնարավորություն կտա ընդդիմախոսներին ավելի խորքային ծանոթանալ օրենքի հնարավորություններին։

«Կան իհարկե որոշակի հստակեցում պահանջող հարցեր, որոնք օրենքում խնդիր են այս պահին, կարծում եմ, դրանք կարող են լուծվել նաեւ ենթաօրենսդրական ակտերի, կառավարման առանձին որոշումների միջոցով, որ ուսանողները բավարարվեն: Ես հասկանում եմ նրանց, լուրջ իրավիճակ է, բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում եւ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան։ Վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար»,–ընդգծեց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ինքը դեմ է ուսանողների պահանջին՝  ուսման տարկետման իրավունքը վերականգնելուն:

«Տեսել ենք այդ կիսատ-պռատ լուծումները, որ դուռ են բացում կոռուպցիայի համար եւ իրական պատկերը չեն տալիս նրանց, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ուսումը շարունակել: Եվ փաստը ցույց է տալիս, որ նրանց 90%-ը գնացել են այդ ուղղությամբ միայն մի նպատակով` խուսափել ծառայությունից: Սա իրականություն է»:

Ինչ վերաբերում է օրենքի ընդդիմախոսների այս փաստարկներին, որ  ուսման տարկետումը վերացնելով՝ սողանցքները չեն փակվելու, օրինակ առողջապահական մասով, պատգամավորն ասաց. «Կան ավելի վատ փաստեր, որ մարդուն չեն տվել տարկետում առողջական պատճառով եւ նա բանակում այդ հիվանդության սրացման հետեւանքով մահացել է: Այդ առումով պետք է մեծացնել վերահսկողությունը, իսկ այս հայեցակարգը նաեւ քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավորություններն է մեծացնում, ավելի թափանցիկ է դարձնելու բանակաշինությունը, զինվորական ծառայության գործունեությունը»։

Տպել
Ամենաշատ