Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանբն այցելել է թուրք–քրդական վերջին բախումներից ավերված Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի այցելած արք. Աթեշյանին ուղեկցել է հիմնադրամների վարչության Դիարբեքիրի բաժնի տնօրեն Մեթին Էվսենը։
Արք. Աթեշյանը նշել է, թե 2 տարի առաջ իր տեսած եկեղեցին լրիվ անճանաչելի ձեւով քանդվել է։ «Այս եկեղեցին քանդողը չի կարող Աստծո կողմից ստեղծված մարդ լինել»,–ասել է արք. Աթեշյանը։
Աթեշյանը հիշեցրել է, որ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր 3 մլն դոլարով, սակայն այժմ ավելի վատ վիճակում է, քան մինչ վերանորոգումը։ «Սրանից հետո այս եկեղեցու վերանորոգումը հանձնել ենք Հիմնադրամների վարչությանը, ոստիկանությոնն ու Մշակույթի նախարարությանը։ Խնդրում եմ րոպե առաջ սկսել վերանորոգումը»,–ասել է արքեպիսկոպոս Աթեշյանը։
Նշենք, որ 1400 հավատացյալների համար նախատեսված Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին կառուցվել է 1376թ.` Անչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականներն անվանում են «գյավուրների թաղամաս», քանի որ այստեղ մինչեւ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ քրիստոնյաներ են ապրել:
2011 թվականին Սուրբ Կիրակոսը հայ համայնքի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել ու բացվել էր որպես գործող եկեղեցի, սակայն 2015–ի դեկտեմբերին Դիրաբեքիրի Սուրի շրջանում սկսված թուրք–քրդական բախումների պատճառով այն կրկին ավերակների է վերածվել։