News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

հաջորդ երկուշաբթի` նոյեմբերի 27-ին, Եվրոպայի խորհրդի հակակուռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO), Երեւանում կմասնակցի Հայաստանի կողմից` GRECO-ի վերջին առաջարկությունների իրականացման վերաբերյալ համաժողովին:

Կատարման գնահատման վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ հրապարակվել է 2016թ. փետրվարին, որը հատկապես անդրադառնում է կոռուպցիայի կանխարգելմանը Ազգային ժողովի անդամների, դատավորների եւ դատախազների շրջանում: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի դատական իշխանությունը առանձնակի հակված է կոռուպցիայի եւ որ անհրաժեշտ է ամրապնդել դրա անկախությունը: Զեկույցը մտահոգություն է հայտնում իշխանությունների ոչ-հստակ տարանջատման, Ազգային ժողովի կենսունակության պակասի եւ հանրությանն առնչվող որոշումների կայացման հարցում անբավարար թափանցիկության վերաբերյալ: GRECO-ն հատկապես առաջարկել է լրամշակել եւ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի անդամների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, ինչպես նաեւ սեփականության վերաբերյալ կանոնավոր կերպով հայտարարագրեր ներկայացնելու, դրանց վերահսկման ու կիրարկման ընթացակարգերը: Առաջարկությունների թվում էին նաեւ Ազգային ժողովի աշխատանքի թափանցիկության բարելավումը, Ազգային ժողովի անդամների վարքագծի կանոնների ընդունումը եւ նրանց կողմից բիզնես գործունեություն ծավալելու սահմանափակումների շրջանցումը կանխելը:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: GRECO-ի Գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն համաժողովի հիմնական բանախոսներից է:

Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Արմենիա Մարիոթ Երեւան հյուրանոցում։ Համաժողովը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից եւ իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ