ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոյեմբերի 21-ին Արցախում ականանետային պայթյունի հետևանքով երեք զինծառայողների զոհվելու դեպքին՝ անելով մի քանի հարցադրումներ։
Նա, մասնավորապես, գրել է.
«Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք եւ ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին։
Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչո՞ւ են տղաները ականի վրա պայթել (՞)։
- Նրանք անկարգապահություն են արել եւ պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին։ Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը եւ ինչո՞ւ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում։ Սա վերաբերվում է նաեւ այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։
- Տարածքը գտնվել է թիկունքո՞ւմ․ այդ դեպքում ինչո՞ւ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել։
- Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք։ Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է։
Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի։ Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր։
Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք։ Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ։
Մենք սա թույլ չենք տա»։
Ավելի վաղ NEWS,.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: