News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, որոնք ավերվել, ոչնչացվել, բռնագրավվել և յուրացվել են 1990-2000-ականներին այն վայրերում, որտեղից արտաքսվել էր բնիկ հայ բնակչությունը, հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա խորը ճեղքի վառ հիշեցումն են: Նման իրավիճակները չպետք է թույլատրվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին,  Երեւանում «Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում եւ դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, իր ելույթում , մասնավորապես, նշել է.

«Անկասկած, իմ կողմից հիշատակված եւ շատ այլ համաժողովներ ու քննարկումներ, որոնց Հայաստանն ակտիվ ներդրում է ունեցել, մեծ կարեւորություն ունեն: Դրանց նպատակն է ձեւավորել եւ բարելավել գործող մեխանիզմները եւ մեզ առավել մոտեցնել մեր պարտավորությունների իրականացմանը: ԵԱՀԿ շրջանակներում մենք մշակել ենք պարտավորությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի եւ անհանդուրժողականության դեմ, ներառյալ՝ քրիստոնյաների, հրեաների, մահմեդականների եւ այլ կրոնական խմբերի նկատմամբ, կանխարգելելու ատելությամբ պայմանավորված հանձագործությունները ու համապատասխան արձագանքելու դրանց: Մասնակից երկրները համակարծիք են, որ այս հանձնառությունների կատարումը վճռորոշ նշանակություն ունի խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանման համար: Հետեւաբար, ժամանակն է ապահովելու, որ ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու փորձը արդյունքվետ կերպով ծառայեն մասնակից երկրներին` քրիստոնյաներին եւ այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու գործում:

Այս առնչությամբ կցանկանայի մեկ օրինակ բերել: 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովին հաստատված Կրակովյան փաստաթուղթը սահմանում է, որ «մասնակից երկրները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն այն կրոնական հուշարձաններին, որոնք ստեղծած համայնքներն այլեւս դրանք չեն օգտագործում կամ այլեւս գոյություն չունեն տվյալ տարածքում»: Բազմաթիվ հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, որոնք ավերվել, ոչնչացվել, բռնագրավվել եւ յուրացվել են 1990-2000-ականներին այն վայրերում, որտեղից արտաքսվել էր բնիկ հայ բնակչությունը, հանձնառությունների եւ դրանց իրականացման միջեւ առկա խորը ճեղքի վառ հիշեցումն են: Նման իրավիճակները չպետք է թույլատրվեն:

Վերջին միջազգային զեկույցները ներկայացնում են աշխարհում կրոնական ազատության բավականին տխուր պատկեր: Դրանցից մեկի համաձայն՝ մարդկության շուրջ 80%-ը բնակվում է այնպիսի վայրերում, որտեղ կրոնական սահմանափակումները գնահատվել են «բարձր» կամ «շատ բարձր»: Այլ զեկույցներում նշվում է այս առումով իրավիճակի վատթարացման մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարեւանությամբ: Այս երկրներում առանձնահատուկ անհանգստություն ներկայացնող ոլորտներ են խղճի բանտարկյալների թվի աճը, ատելության տարածումը, հատկապես լրատվամիջոցների եւ կրթության միջոցով:

ԵԱՀԿ տարածաշրջանում առկա է որոշակի միտում այն մասնակից երկրների շրջանում, որոնք հայտնի են ԵԱՀԿ մարդու իրավունքների, մասնավորապես, հիմնարար ազատությունների մասով պարտավորությունների խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումները քողարկել` իրենց ներկայացնելով որպես հանդուրժողականության կղզյակ կամ նույնիսկ որպես ուրիշների համար լավագույն օրինակ: Մի կազմակերպությունում իրենց որպես բազմամշակութային, բազմակրոն ներկայացնելը, մյուսում` կրոնական աջակցություն խնդրելը եւ վերջապես մարդու իրավունքները սեփական բնակչության շրջանում ատելության սերմանմամբ փոխարինելը գուցե կարող են արդյունքներ տալ միայն որպես կարճաժամկետ քարոզչություն, սակայն անշուշտ խաթարում են կայունությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում:

Ցավոք, կրոնը հաճախ է շահարկվում աջակցություն ձեռք բերելու նպատակով այն հակամարտությունների պարագայում, որոնք որեւէ առնչություն չունեն հավատքի հետ: Կրոնական համերաշխության վրա հիմնված որոշ կազմակերպություններ սատարում են այս պնդումներին՝ ըստ էության վատթարացնելով արդեն իսկ բարդ հակամարտային իրավիճակները: Մենք հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն եւ նախեւառաջ այն մասնակից երկրները, ովքեր հանդիսանում են նման կրոնական հիմքի վրա գործող կազմակերպությունների անդամներ, պետք է վճռականորեն մերժեն նման վտանգավոր գործելաոճը: Իրականում, ներկայիս ավերիչ հակամարտություններից շատերը տեղի են ունենում ոչ թե տարբեր, այլ միեւնույն կրոնի ներկայացուցիչների միջեւ, եւ սա ակնհայտ է հատկապես ժամանակակից Մերձավոր Արեւելքի օրինակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ