News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր որեւէ այլ վայրում քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններն այդքան տարածված չեն, որքան Մերձավոր Արեւելքում, որտեղ սկիզբ են առել աշխարհի խոշոր կրոններից երեքը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին,  Երեւանում «Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում եւ դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, իր ելույթում , մասնավորապես, նշել է.

«Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային եւ բազմակրոն խճանկարի մաս է կազմել: Մերձավոր Արեւելքի այս բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում: Սակայն ազգայնականության եւ կրոնական արմատականության ալիքները էականորեն փոխել են տարածաշրջանի կրոնական եւ էթնիկ կառուցվածքը:

Արդյունքում, Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների թիվը էականորեն կրճատվել է` 20-րդ դարի սկզբում կազմելով բնակչության շուրջ 20%-ը դարավերջին հասնելով 5%-ի, եւ էլ ավելի նվազելով 21-րդ դարի սկզբում: Իրաքում քրիստոնյաների թիվը վերջին տասնամյակում նվազեց 80%-ով: Սիրիայում քրիստոնյա բնակչության թիվը միայն վերջին վեց տարիների ընթացքում 1 միլիոն 250 հազարից իջել է շուրջ 500,000-ի:

Սիրիայում ժամանակին ծաղկուն հայկական համայնքը նույնպես կտրուկ կրճատվել է: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Իրաքում եզդի ժողովուրդը Մերձավոր Արեւելքում կրոնական հենքի վրա բռնությունների հիմնական զոհներից մեկն է Միջազգային հանրությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի, նրանց մշակութային եւ կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունների ցեղասպան բնույթը: Հայաստանը բարձրաձայնել է եզդի ժողովրդի պաշտպանության խնդիրը բազմաթիվ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում:

Կրոնական խմբերի անդամների զանգվածային արտահոսքը այս տարածաշրջանից մեծամասամբ հանդիսանում է անմարդկային գաղափարախոսության եւ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված վայրագությունների հետեւանք: Անհրաժեշտ է նորից եւ նորից հստակեցնել, որ կրոնը որեւէ առնչություն չունի ահաբեկիչների հետ, որոնք այն շահարկում են իրենց նպատակաների համար: Այստեղ մենք գործ ուեննք ԴԱԵՇ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների կողմից քաղաքակրթությունների դեմ իրականացված հանցագործությունների հետ: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ գործողությունները:

Մերձավոր Արեւելքի բազմազանության եւ հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում:

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ միջերկրածովյա գործընկերներն ընդհանուր ամուր շահեր ունեն այս առումով: Մերձավորարեւելյան ռազմական թատերաբեմից վերադարձող ահաբեկիչները սպառնում են ոչ միայն իրենց ծագման երկրների անվտանգությանը, այլեւ կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ այլ տարածաշրջանների համար` սրելով ճգնաժամային իրավիճակները եւ տարածաշրջանային հակամարտությունները: ԴԱԵՇ-ի ոճով գլխատումները եւ այլ զազրելի վայրագություններն արդեն իսկ միայն Մերձավոր Արեւելքով չեն սահմանափակվում:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ ԵԱՀԿ մասնակից այն երկրներից, որոնք սահմանակցում են Հայաստանին: Դա անհանգստացնող հանգամանք է մեզ համար, եւ համոզված եմ ԵԱՀԿ բազմաթիվ մասնակից երկրներ կիսում են այս մտահոգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ