News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Լեոնիդ Ազգալդյանը հզոր հրամանատար էր, ով ամեն ինչ անում էր, որպեսզի փոքրաթիվ զոհերով մեծ հաղթանակներ տանի»: Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյա տարեդարձին նրան այսպես հիշեց հերոսի մարտական ընկերը` Վոլոդյա Ավետիսյանը:

«Մեծատառով մարդ էր, ամեն ինչ անում էր, որ անիմաստ զոհեր, վիրավորներ չլինեն, նրա մոտ ամեն ինչը հաշվարկով էր: Հզոր հրամանատար էր, հայրենասեր, ազնիվ մաքրամաքուր մարդ: Գաղափարական առումով ես տարբերություն չեմ դնում Լեոնիդ Ազգալդյանի եւ Գարեգին Նժդեհի միջեւ: Նա շատ մեծ ներդրում ունի Արցախյան գոյամարտում»,-պատմեց Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքով` ամեն ոք չէր կարող ծառայել Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակ» կոչվող ջոկատում, քանի որ նա որոշակի չափանիշներով էր ընդունում իր մարտիկներին:

«Ծխել, խմել, հայհոյել չկար, ժողովրդին նեղացնել չկար, մեր միակ նպատակը հայրենիքի ազատագրությունն էր, եւ այս չափանիշները անձամբ Լեոնիդն էր մշակել: Ես այսօր հպարտ եմ, որ Լեոնիդի զինվորն եմ եղել: Իր օրինակով նա սովորեցնում էր, իր խոսքն ու գործը համահունչ էին: Նույնիսկ եղել է, որ ջուր ու սնունդ չենք ունեցել, բայց երբեք չենք նեղվել, որովհետեւ Լեոնիդը հոգեւոր սնունդ էր մեզ համար»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Ազգալդյանի մարտական ընկերոջ խոսքով` իրենց ջոկատը թշնամու ահուսարսափն է եղել եւ նույնիսկ հատուկ անվանում է ստացել նրանց կողմից. «Մեր ջոկատի անունը թշնամին դրել էր «Սատանեքի բանակ», որովհետեւ գիշերներն էինք գործում հիմնականում, ու շատ արագ կատարում մեր առջեւ դրված խնդիրը»:

Նշենք, որ այսօր Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 75 տարեկան:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել ռադիոֆիզիկոսմասնագիտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել էազատագրական մարտերին։

Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Զոհվել է1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։

Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Տպել
Ամենաշատ