Նոյեմբերի սկզբից Վանաձորի քաղաքապետարանն ակտիվորեն սկսել է քաղաքի տարածքից ապօրինի տեղադրված տնակների հանման աշխատանքները: Տարհանման աշխատանքներն սկսվել են քաղաքի կենտրոնական հատվածից ու Մ-6 միջպետական ճանապարհի հարակից տարածքներից:
«Սա որոշ մարդկանց համար ցավոտ պրոցես է լինելու, բայց մենք այդ քայլին գնալու ենք, որպեսզի քաղաքը կարողանանք ձերբազատել այդ տհաճ երևույթներից: Դա շարունակական ու հետևողական պրոցես է լինելու: Թաղային կլինի, թե կենտրոնական կամ հարակից փողոցներում գտնվող ապօրինի տեղադրված բոլոր «բուդկաները», բոլոր առևտրի կրպակները, բոլոր կոշիկի նորոգման կրպակները, որոնք համապատասխան որոշմամբ և օրինական հիմքերով չեն տեղադրված, բոլորը քաղաքի տարածքից հանվելու են»,- ասում է Մամիկոն Ասլանյանը:
Հանված տնակ-տաղավարների շարքում առկա են նաև կոշիկի վերանորոգման տնակներ, որտեղ աշխատողները այդ կերպ փորձում էին իրենց օրվա հացը վաստակել: Դրանից մեկի տերը, մեզ հետ զրույցի ժամանակ դժգոհելով տնակների հանման գործընթացից, նշեց՝ իսկ ինչո՞ւ չեն հանում մայթեզրերին՝ գազոնների տեղում տեղադրված սննդի, մրգի ու այլ տաղավարները:
Վանաձորում շատերին է հայտնի, որ այդ տաղավարները հիմնականում պատկանում են պաշտոնյաներին կամ նրանց, ովքեր ղեկավար օղակների հետ ջերմ հարաբերությունների մեջ են:
Վանաձորի քաղաքապետն այս տաղավարների հանման հարցում, սակայն, չի շտապում:
«Այդ կառույցների հետ մենք նոր պայմանագրեր չենք կնքում: Դրանք հիմնականում վարձակալությամբ հատկացված տարածքներ են, հենց վարձակալության ժամկետներն ավարտվում է, մենք այլևս չենք կնքում ու նորերը չենք տրամադրում: Օրենսդրական լուծումը դա է: Եթե մարդը որոշակի պայմանով վերցրել է կառուցապատելու ու բիզնես է իրականացնում, մենք, ցավոք սրտի, չենք կարող այս պահին դրան լուծում տալ»,- ասում է նա:
Մայթեզրի կանաչ տարածքների տեղում հերթական տաղավարը կառուցվեց մի քանի օր առաջ: Չնայած որոշ վանաձորցիների բողոքին, քաղաքապետարանը որևէ քայլ չձեռնարկեց տաղավարի տեղադրումը կասեցնելու համար: Ավելին, տվեց շինարարության թույլտվությոն, հիմնավորելով, թե տարածքը սեփականատիրոջն օտարվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք:
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի խոսքով քաղաքի կենտրոնական հատվածներում հաշվառվել է մոտ 120 տնակ, որոնցից առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է հանել շուրջ 70-ը: