News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեկ երեկոյան Արցախի զորամասերի մեկի պահպանության տեղամասում ականի այթյունի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավոր է: Զոհվել են լեյտենանտ Գեղամ Զաքարյանը եւ շարքայիններ Սարգիս Աբրահամյանն ու Սարգիս Մելիքյանը:

22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղից էր: Այս տարվա ամռանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու հուլիսի վերջին տեղափոխվել Արցախ՝ ծառայության: 20-ամյա Սարգիս Մելիքյանն էլ Գեղարքունիքի Վարդենիս քաղաքից էր, հունվարին պետք է ավարտեր ծառայությունը: Սարգիսը տան միակ որդին էր, 3 քույր ունի: Զոհված մյուս զինծառայողը՝ Սարգիս Աբրահամյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 1.5 տարի առաջ:

Ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Հովեյանը Ստեփանակերտի հոսպիտալում է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Բժիշկներն ամեն ինչ անում են՝ 19-ամյա զինծառայողի վիճակը կայունացնելու համար. վիրավորին Երեւան տեղափոխելու մասին նրանք առայժմ չեն մտածում: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զինծառայողները զոհվել են մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Քրեական գործ է հարուցվել: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում:

Թբիլիսիում կեսգիշերից հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում: Վրացի հատուկ ջոկատայինները շրջապատել էին Վրաստանի մայրաքաղաքի Իսանի շրջանի շենքերից մեկը: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ շենքում օտարերկրյա երկու քաղաքացիներ են թաքնվել, որոնց կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ: Վրացի ուժայինները ձերբակալել են նրանցից մեկին: Որոշ տվյալներով՝ կասկածյալները չեչեններ են: Տեղացիներից մեկը նշել է, որ շենքում Պանկիսի կիրճից եկած չեչեն ընտանիք էր ապրում՝ երեխայի հետ:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են հրաձգության եւ պայթյունների մասին: Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, 2 բնակարան այրվել է: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալները շենքի բնակարաններից մեկի պատուհանից ձեռքի նռնակներ են նետել եւ կրակ բացել պետանվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Բնակիչների մի մասին տարհանել են, մյուսներին, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տվել փողոց դուրս գալ:

Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: Ականատեսները պատմում են, որ նրանց հատուկ գործողության գոտուց դուրս են բերել շտապ օգնության երեք մեքենաներով: Վիրավորվել է նաեւ մեկ հատուկ ջոկատային, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Հատուկ գործողություն իրականացնողներին զրահատեխնիկա է միացել: Հերթական գրոհից հետո հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է:

Բազմաթիվ ուսանողներ անհամբերությամբ սպասում էին նոյեմբերի 22-ին. Ազգային ժողովում տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողների հետ հանդիպում էր նշանակված: Չնայած անձրեւոտ եղանակին՝ առավոտից մի խումբ ուսանողներ հավաքվել էին՝ ուղիղ հեռարձակմամբ հետեւելու կլոր սեղանին: Քննարկմանը մասնակցել են նաեւ կրթության նախարարն ու պաշտպանության փոխնախարարը: Լեւոն Մկրտչյանը վստահեցրել է, որ պատրաստ են լսել ուսանողների բոլոր փաստարկները, բայց նաեւ հիշեցրել է նախարարության թվերը. դոկտորական եւ թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդների շատ փոքր թիվն է մնում գիտության մեջ՝ ընդամենը 15%-ը:

Քննարկումների արդյունքում ուսանողներն ու իշխանությունները համաձայնության են եկել: Ուսանողներին երկու շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի իրենց առաջարկները ձեւակերպեն եւ գրավոր ներկայանեն: Այդ առաջարկները քննարկվելու է աշխատանքային խմբում, որը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի պաշտպանության նախարարությունում:

Մինչ այդ, ուսանողները քննարկելու են, արժե՞ զուգահեռաբար շարունակել բողոքի ակցիաները: Ամեն դեպքում, Դավիթ Պետրոսյանը վստահեցնում է, որ տարկետման իրավունքի հետ կապված համաձայնություն արդեն կա, մնում է միայն հստակեցնել դրանից օգտվելու չափանիշները: Նշենք, որ տարկետման իրավունքի սահմանափակում նախատեսող օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է: Եթե պատասխանատու մարմիններն ընդունեն ուսանողների առաջարկները, դրանք կներառվեն օրենքի հետ կապված կառավարության որոշումներում: Ամեն դեպքում, օրենքում հեղափոխական փոփոխությունները քիչ հավանական են համարում:

Առողջապահական ոլորտում իրարանցում է. մի քանի օր է՝ քննարկվում է Հայաստանում 13 տարեկան աղջիկներին մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցը: Շատերը, այդ թվում՝ ոլորտի մասնագետներ, դեմ են դրան: Ընդ որում, դեմ են ոչ թե պատվաստմանը, այլ գարդասիլ պատվաստանյութին: Գարդասիլի հակառակորդները վկայակոչում են Բիլ Գեյթսի խոսքերը եւ նշում, որ այդ պատվաստանյութը ստեղծվել է բնակչության թիվը կրճատելու համար: Պատվաստման կողմնակիցներն էլ ընդդիմախոսներին մեղադրում են անտեղյակության եւ «դավադրությունների տեսությանը» հավատալու մեջ: Պատվաստանյութի դեմ հանդես եկող բազմաթիվ բժիշկների հիմնական փաստարկը հետեւյալն է. գարդասիլը վտանգավոր է, իսկ դրա արդյունավետությունն ապացուցված չէ:

Կրքերն այնքան են թեժացել, որ գարդասիլի հակառակորդները նույնիսկ պահանջել են Լեւոն Ալթունյանի հրաժարականը: Նշենք, որ առողջապահության նախարարությունը նախատեսում է պատվաստման ծրագիրը ներդնել այս տարվա դեկտեմբերից: Որոշումն արդեն արժանացել է կառավարության հավանությանը:

Երեկ գիշերվանից Լոռու մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ձյուն է տեղում: Առավոտյան արդեն Վանաձորում ձյան շերտը 10-20 սմ-ի է հասել: Չնայած նախապես տեղեկացվել էր հնարավոր տեղումների մասին, ձյունը, ինչպես միշտ, անակնկալի է բերել վարորդներին: Պարզվում է՝ նրանց մեծ մասը շարունակում է երթեւեկել ամառային անվադողերով: Առատ ձյուն է տեղացել հանրապետության մի շարք այլ մարզերում եւս:

Խառնաշփոթ իրավիճակ է եղել նաեւ Երեւանի փողոցներում: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում վթարներ են գրանցվել, խցանումներ են առաջացել: Ձմռան մոտենալուն զուգահեռ նորից խնդիրներ են առաջանում բեռնափոխադրումների հարցում: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով ճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակվել է:

Նոյեմբերի 22-ին դոլարն ու եվրոն սկսել են թանկանալ: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 21 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Նոյեմբերի 23-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, այդ թվում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 12-15 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ