Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջեւ պետք է լինի վստահություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին,կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին:

«Բաքուն ամեն ինչ անում է, որ ստատուս քվոն պահպանվի: Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջեւ պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ենթադրում է նաեւ այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է եւ՛ Վիեննայում, եւ՛ Սանկտ Պետերբուրգում», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե համաձա՞յն է Սերգեյ Լավրովի հետ, որ բանակցությունները շուտ չեն ավարտվի, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Եթե կողմերից մեկն ունի հետեւյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ, ապա բնական է, որեւէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` բանակցություններում առաջընթաց չի լինի», - ասաց Շավարշ Քոչարյանը: