News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի գործով ՄԻԵԴ-ն այլեւս Հայաստանի կառավաությանը չի դիմի: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի ներկայացրած պահանջը՝ Հովհաննես Հարությունյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ նրան բուժօգնություն տրամադրելու մասով եւ ՄԻԵԴ-ը Հովհաննես Հարությունյանի գործով վերջնական որոշում կկայացնի:

«Հոկտեմբերի 27-ին ստացել էի հոկտեմբերի 26-ի որոշումը, որը կապված էր հուլիսի 17-ի եւ 25-ի իմ գրությունների հետ: Ես ՄԻԵԴ-ին խնդրել էի, որպեսզի ժամանակավոր միջոց կիրառվի, որպեսզի Հովհաննես Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն, բայց ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որ այլեւս ժամանակավոր միջոց կիրառելու իմաստ չկա, քանի որ մարտի 20-ին կայացրած որոշումը՝ անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ բուժօգնություն տրամադրելու մասին, կառավարությունը չէր կատարել: Այսինքն՝ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը անփոփոխ է, ՄԻԵԴ-ը  գտել է, որ այլեւս անիմաստ է Հայաստանի կառավարությանը նույն պահանջը  կրկնել եւ վերջնական որոշում է կայացնելու այս գործով»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով, ստացվում է, որ եթե նախկինում որեւէ դժգոհություն  ՄԻԵԴ էր ուղարկվում,  հետո էլ Հայաստանի կառավարությանը,այժմ դա ձեւական բնույթ է կրում. «Այս դեպքում կառավարությանը որեւէ պատասխանի հնարավորություն ՄԻԵԴ-ը չի տալիս: Այն ինչ ես որպես բողոք եմ ուղարկում, դա կառավարությանն է ուղարկվում, ընդամենը որպես ինֆորմացիա»:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա, նա առողջական խնդիրներով անմարդկային պայմաններում է պահվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,ո ր ՄԻԵԴ-ը երկու  հարց էր  ուղղել  Հայաստանի կառավարությանը՝ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի  վերաբերյալ։ Հարցերը վերաբերում էին՝ Հովհաննես Հարությունյանը, որի ոտքում բեկորի 18 մասնիկ կա, ինչպիսի՞ բուժում է ստանում՝ ոտքի վիճակի հետ  կապված, եթե իհարկե այդպիսի բուժում իրականացվում է եւ երկրորդ պահանջվել էր բժշկական խմբի կազմը, ինչպես նաեւ պահանջվել էր 2017 ապրիլի 12-ին կազմված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, ինչի հիման վրա նա պետք է բուժում ստանար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

Տպել
Ամենաշատ