News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով  գտնվում է Բրյուսելում, նոյեմբերի 23-ին հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:

Հանդիպման լուսանկարները հրապարակվել են Բելգիայի միապետության  Facebook-ի պաշտոնական էջում:

ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու եւ միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, Նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։

Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը եւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված եւ ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաեւ հայ-բելգիական առեւտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները: 

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ նա մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության  գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենում Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ