News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ժամանակով ժամը 08.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 11,963,709 դոլար։

Ամենամեծ գումարը նվիրաբերել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ուղիղ եթերում հայտնել է, թե Կարապետյանը մարաթոնին փոխանցել է 2 մլն 250 հազար դոլար գումար։ «Ֆլեշ» բենզալցակայանների ցնանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը փոխանցել է 100 հազար դոլար, 100 հազար դոլար են փոխանցել  «Վալլեքս Գրուպ» ընկերությունից, «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր, նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը եւս 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել է, Զանգեզուրի կոմբինատը՝ 350 հազար դոլար, «Մաքուր Երկաթ» գործարանը՝ 41 հազար դոլար, իսկ Վարդանյանների ընտանիքը փոխանցեց 125 հազար դոլար: 

Նշենք, որ Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել եւ իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց եւ մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն եւ բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։ 

Տպել
Ամենաշատ