News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերականգնել է հայկական արտադրողի շահերը՝ Ռուսաստանի տարածքում. «Դուստր Մարիաննան» կարտահանի իր արտադրանքը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ հայտնելով, որ իր արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս՝ հանդիպել է որոշակի խնդիրների:

Մասնավորապես, Ռուսաստանում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննայի» կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքի մուտքը ռուսաստանյան շուկա: Խնդիրը այն էր, որ ըստ վերոնշյալ ընկերությունների, իրենք հանդիսանում են «МАРИАННА» եւ «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը եւ հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրելով խնդիրը, հանգել էր այն եզրակացության, որ ընկերությունների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է եւ այն ուղղված է «Դուստր Մարիաննայի» արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետեւապես նաեւ մրցակցության սահմանափակմանը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում, ՀՀ մրցակցային մարմինը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու եւ հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների հիման վրա հարուցել է վարչական վարույթ: Երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում հակամենաշնորհային ծառայությունը կայացրեց որոշում, որն ամբողջովին պաշտպանում է ՀՀ Մրցակցային մարմնի տեսակետը:

Ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողությունները համարվել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչի համար վերջիններս ենթարկվել են ֆինանսական պատասխանատվության:

Կայացված որոշման հետ կապված ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը NEWS.am- ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենք ԵՏՄ անդամ երկրների տարածքում ներկայացնում եւ հաջողությամբ պաշտպանում են հայ արտադրողի շահերը. «Թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում եւ թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար եւ հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը: Իսկ մեր Հանձնաժողովը շարունակելու է օրենսդրության շրջանակներում պաշտպանել հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»:

Տպել
Ամենաշատ