Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը արդեն մեկ ամսից ավելի է, ինչ պատիժը կրում է բաց ռեժիմով: 4 տարի բանտարկված մնալուց հետո, նա ազատության մեջ եղած ժամանակի մեծ մասը նախընտրում է անցկացնել ընտանիքի հետ: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյան պատմել է տեղի ունեցած դժբախտ պատահարի, իր` Հայաստան տեղափոխվելու եւ հետագա անելիքների մասին:
«Ռուսաստան մեկնել էի մի նպատակով, որ գումար վաստակեի, երեխուս քարը գցեինք, էն էլ էս դեպքը պատահեց, ընդամենը մեկ ամիս էր, ինչ աշխատում էի ու եղավ ավտովթարը»,-ասում է նա:
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել, ինքը փորձել է մեքենան հանել ոչ երթեւեկելի գոտի, սակայն չի հասցրել եւ բախվել է իր մեքենային դեմ հանդիման դուրս եկած ավտոբուսին. «Տոռմուզները չէին աշխատում, մետաղ էր էլի, ջարդվեց գնաց: Ավարիայից հետո ոչինչ չեմ տեսել, ես միայն հիվանդանոցում եմ իմացել, որ այդքան մարդ է մահացել: Ո՞վ կուզեր, որ տենց բան լիներ, հիմա փորձանք էր եղավ: Ոնց կլինի չմտածեմ, որ այդքան զոհեր են եղել, ցավում եմ, բոլորի համար»:
Անդրադառնալով ռուսական իրավապահ մարմինների կողմից իրեն խալաթ հագցնելու միջադեպին, Հրաչյա Հարությունյանը պատմեց, որ իրեն այդ հագուստը հիվանդանոցում են հագցրել եւ ինքը նույնիսկ չի իմացել, որ իրեն այդ հագուստով դատարան են տեղափոխում` կալանքի հարցը որոշելու:
Հրաչյան պատմեց, որ Ռուսաստանի Դաշնությունում իր պատիժը կրել է 4 տարի 1 ամիս, մինչեւ անհայտ բարերարը 1 միլիոն 200 հազար ռուբլի է վճարել եւ լուծվել է իրեն Հայաստան տեղափոխելու հարցը:
«Մինչեւ հիմա չգիտեմ` ով է իմ փոխարեն այդ գումարը փոխանցել, Աստված բոլորի հետ, ով արել է, մեր երկրի նախագահից սկսած, բոլորից վերջացրած, բոլորից էլ շնորհակալ եմ, որ իմ կողքին կանգնեցին, ինձ բերեցին, հասցրին իմ երկիր»,-ասաց նա` նշելով, որ Հայաստանում եւս 2 տարի 5 ամիս շարունակելու է կրել պատիժը բաց ռեժիմով:
Հրաչյա Հարությունյանը նշեց, որ պատիժը կրելուց հետո մնալու եւ աշխատելու է Հայաստանում:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:
Զրուցեց Անի Բարսեղյանը