News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ձեր կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երեւույթներից մինչեւ ընտրախախտումներ:

Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերեւույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի եւ անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի:

Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության եւ հասարակության համար կարեւորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության եւ ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին:

Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման եւ փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչեւ հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը:

Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երեւույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:

Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն եւ պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երեւույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին եւ տարածվածությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային եւ ժամանակին համահունչ դրսեւորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ