News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

50 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 29-ին, բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

Հայոց ցեղասպանությունից հետո 50 տարի այդ տարելիցն ընդհանրապես որեւէ կերպ չի նշվել, իսկ 50-րդ տարելիցին, 1965 թվականին այն նշվել է հազմահազարանոց ցույցով: Մինչեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը 2 տարի մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967 թվականի նոյեմբերի 29-ին մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: 

Ծիծեռնակաբերդի բլուրը ամայի տարածք էր, զուրկ բուսականությունից: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն: Այստեղից էլ բլուրի անունը։

Մի քիչ պատմություն

ՀԿԿ ԿԿ I քարտուղար Յակոբ Զարոբյանը 1964թ. դեկտեմբերի 13-ին ԽՄԿԿ ԿԿ-ին հիմնավորված նամակ է հղում ցեղասպանության 50-ամյակը պետականորեն նշելու մասին, ներկայացնելով նաեւ նախատեսված միջոցառումների ցանկը` նպատակ հետապնդելով, որպեսզի ժողովուրդների պատմության մեջ նմանօրինակ ողբերգություն չկրկնվի:

Հայաստանի կոմկուսի կենտկոմն այդ առիթով անհրաժեշտ համարեց իրականացնել մի շարք միջոցառումներ: 1965թ. ապրիլի 24-ին Երեւանի օպերային թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Հանրապետությունում հայտարարվեց հուշարձանի կառուցման նախագծի մրցույթ: Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը եւ Արթուր Թարխանյանը մասնակցեցին մրցույթին: Հետագայում խոսելով այդ մասին՝ Սաշուր Քալաշյանը նշում է, որ իրենք շատ երիտասարդ էին եւ լավ չգիտեին, թե ինչի մասին է խոսքը: Սակայն նրանք ուսումնասիրել են պատմությունը եւ նվիրվել այդ գործին: Հաղթող է ճանաչվել Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի նախագիծը: Այդ նույն թվականի սեպտեմբերին սկսվել է հուշարձանի շինարարությունը:

Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Որոշում են քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չեն համաձայնում, սակայն գտնում են լուծումը: Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից: Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաեւ այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչեւ 1967թ. նոյեմբերի 29-ը: Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում։

Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հավերժության տաճար-դամբարանը, հուշասյունը և հուշապատը:

Այժմ Եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել:

«Վերածնվող Հայաստան» հուշասյունը սլաքաձև է՝ 44 մ բարձրությամբ: Բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր կոթողների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Հավերժության տաճար-դամբարանը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 պիլոններով: 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերն էլ որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել, ասենք՝ 6 կամ 9:  Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է, որ այդ թիվը պարզապես էսթետիկական լուծում էր։ «Նախագծելիս մենք փորձեցինք չորս, վեց, ութ, տասներկու և տասնվեց պիլոններով տարբերակները: Ի վերջո կանգ առանք տասներկուսի վրա, քանի որ ճարտարապետական առումով այն առավել ընդունելի էր»,-նշեց նա:

Ճարտարապետի խոսքով, մտածված էր, որ սյուները ոչ թե խոնարհված լինեն, այլ բացված: «Դա վերքն է սրտի վրա, որ բացվել է ու չի փակվում: Իսկ հսկայական սյունն ուղղակի ծիլ է, որ պատռել է հողը, պատռել է ասֆալտը ու դուրս եկել: Տեսե՞լ եք՝ մի ծիլի հետ սովորաբար միշտ մի փոքրն էլ է հողի միջից դուրս գալիս, որ եթե նրանցից մեկը ցրտահարվի, մյուսը շարունակի աճել»,- պարզաբանեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նրա խոսքով, ամիսը մեկ շինհրապարակ էր այցելում Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը եւ շտապեցնում, քանի որ վախ կար, որ կենտրոնական իշխանությունը կարող էր ցանկացած պահ կանգնեցնել ծրագիրը. «ժողովուրդ, շուտ արեք: Բա որ Մոսկվան հանկարծ շվացնի՞, էլ ոչինչ չենք կարողանա անել»:

Հուշահամալիրը բաղկացած էր երեք հիմնական կոմպոզիցիոն տարրերից՝ հավերժական կրակին հակված պատերով կենտրոնական դամբարանից, հարթաքանդակներով զարդարված գրանիտե երկայանաձիգ Սգո պատից և հայ ժողովրդի երկու կեսը խորհրդանշող սայրաձողից:

Նկարիչ քանդակագործ Վանիկ Խաչատրյանն էլ նշում է, որ շատ խնդիրներ են եղել համալիրը կառուցելիս. «Պատրաստում էինք բանվորական գծագրերը: Աշխատանքներին հետևում էր Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, իսկ անմիջական պատասխանատուն Երևանի քաղկոմի այն ժամանակվա երկրորդ  քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր: Աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում, իսկ երբ գործը հասավ Սգո պատին, աշխատանքները որոշ ժամանակ կանգնեցրինք: Քոչինյանը պահանջում էր վերածնունդ խորհրդանշող քանդակներ, ես ուզում էի եղեռնի պատկերներ քանդակել»:

Քանդակագործը երկար էր աշխատել Սգո պատի քանդակների վրա: Նրա մտահղացմամբ պատը պետք է խորհրդանշեր Դեր Զորի անապատի ճանապարհը, ուր քշեցին մեր նախնիներին ու կոտորեցին: Քանդակները ցույց էին տալիս անվերջ գնացող ցավի ու տառապանքի ճանապարհը:

Հուշահամալիրը կառուցվել է ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, սակայն, ի տարբերություն մյուս «գերակատարված պլանների», անաղմուկ: 1967 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի Խորհրդայնացման 47-րդ ամյակի տարելիցի օրը, Երևանի Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ Եղեռնի հուշարձանի պաշտոնական բացումը:

Այս մասին առաջին անգամ պաշտոնապես խոսվեց 1967-ի նոյեմբերի 30-ին: «Սովետական Հայաստան» օրաթերթն իր ամբողջ երրորդ էջը տրամադրել էր «Ընկ. Ա.Ե. Քոչինյանի ճառ»-ին և նախօրեի իրադարձությանը: «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացումը». այսպես էր կոչվում մեծ հոդվածը:

Բացման օրը Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած եւ զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ I քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը՝ նա վառում է հավերժական կրակը եւ բարձրանալով ամբիոն դիմում է ճառով ներկաներին.

«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:

Հուշարձանը համալիր կառույց է, բաղկացած 3 կոթողից: Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը, որի վրա փորագրված են այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել ջարդերը: Կենտրոնում է գտնվում 30 մետր տրամագծով շրջանաձեւ դամբարանը` անծածկ տաճարը, դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե պիլոններով, որի առանցքում վառվող անմար կրակը խորհրդանշում է եղեռնի զոհերի հիշատակի հավերժությունը: Նրանից քիչ հետո վեր է խոյանում 40 մետրանոց հուշասյունը, որպես անշիրիմ նահատակների հավերժ կենդանի հուշարձան, որպես հայ ժողովրդի վերածննդի պայծառ խորհրդանիշ:

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում հուշարձանի բացման հանդիսությանը մասնակցել է 200 հազարից ավելի մարդ: Մինչեւ ուշ գիշեր չէր դադարում մարդկանց հոսքը, կուռ շարքերով շարունակվում էր նրանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի հուշարձան:

 

1995թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ զբոսայգում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արեւմտյան հատվածում` ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ` Ս.Քալաշյան, Լ.Մկրտչյան, Ա.Թարխանյան), որով ամբողջացվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը:

Ծիծեռնակաբերդը բացման առաջին իսկ օրվանից Երեւանի ամենամասսայական եւ ամենաշատ հաճախելի վայրերից է: Այստեղ գալիս են ոչ միայն ապրիլի 24-ին, այլ տարվա բոլոր օրերին` տարբեր դավանանքի, քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, օտարերկրյա պետական պաշտոնական պատվիրակություններ, պետությունների ղեկավարներ, մայրաքաղաքում տեղի ունեցող միջազգային գիտաժողովների մասնակիցներ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ