News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր կրկին քննարկվել է ԵՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը: Ինչպես եւ սպասվում էր՝ հանձնաժողովում հարցն այդպես էլ բովանդակային քննարկման չի հասել: Կարելի է ասել, բուն թեման Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու արգելքն է եղել: Պատգամավորները հիշել են Խորհրդային Միության տարիները, Ամանորը եւ հայտնի ասացվածքներ մեջբերել:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթից հետո էլ «Ելք»-ից Արարատ Միրզոյանն արձանագրել է՝ իշխող կուսակցությունը եւ ընդդիմության մի մասն ընդունում է, որ ԵՏՄ-ից դուրս գալն ընդամենը ժամանակի հարց է, եւ վախենում են, որ Ռուսաստանը վատություն կանի Հայաստանին

Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ Արտաշես Գեղամյանն իրենց կուսակցության անդամ չէ, ընդամենը խմբակցությունից է, ապա հարցը դրել է քվեարկության: Փաստորեն, երկրորդ անգամ «Ելք»-ին չհաջողվեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցը մտցնել Ազգային Ժողովի օրակարգ:

Երեւանի ավագանու այսօրվա նիստը նորից թեժ մթնոլորտում է անցել: Նիստի ընթացքում ավագանու անդամները Երեւանի մի շարք փողոցներ անվանափոխելու եւ հուշատախտակներ տեղադրելու որոշումներ են կայացրել:

Այսօրվա նիստին էլ ակտիվությամբ աչքի է ընկել «Երկիր Ծիրանի» խմբակցությունը. Զարուհի Փոստանջյանը, ի դեպ, նիստին ներկա չէր: Նրա ղեկավարած խմբակցության երկու անդամները չեն դադարել քննադատության ենթարկել Հանրապետականի բերած նախագծերը: Մարինա Խաչատրյանը նույնիսկ հասցրել է զուգահեռներ անցկացնել գործող քաղաքապետի հոր եւ Քիմ Քարդաշյանի միջեւ: Տարոն Մարգարյանը որեւէ կերպ չի արձագանքել «Երկիր Ծիրանիի» անդամի ելույթին: Հավելենք, որ ավագանու որոշմամբ Երեւանն արդեն Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի անվան փողոցներ ունի

Ալավերդիում այս գիշեր 30-ամյա տղամարդ է սպանվել, մի երիտասարդ էլ մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:  Հայկ Սիրադեղյանին սպանել են դաժանաբար՝ կտրելով պարանոցը, իսկ Արմեն Մակոյանը դանակի հարված է ստացել որովայնի շրջանում: Իրավապահները բացահայտել են սպանությունն ու սպանության փորձը. ձերբակալվել է 29-ամյա Գարիկը: Նախաքննություն է կատարվում:

Վանաձորում քրեական հեղինակություն համարվող «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործը 6 ամիս անց կարճվել է:  Լոռու մարզի դատախազը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը սպանված Տիգրան Մարտիրոսյանի կնոջ նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով: Նախաքննությամբ ապացուցվել էր, որ Մարտիրոսյանի կինն այդ քայլին դիմել է ինքնապաշտպանությունից դրդված: Տեղեկություններ կան, որ «Ճաճոյի Էդոյի» որդին տարիներ շարունակ երեխաների աչքի առջեւ բռնության է ենթարկել կնոջը: Սպանության օրը Մարտիրոսյանը լիցքավորված ատրճանակը պահել էր կնոջ գլխին եւ սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել էր, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակն ու կրակել նրա ուղղությամբ:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունն այսօր վերջապես մեկնարկեց: Այս գործը դատարան էր ուղարկվել շուրջ 6 ամիս առաջ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանին որեւէ կերպ չէր հաջողվում նույնիսկ նախապատրաստական փուլի նիստերն անցկացնել: Այդ պատճառով էլ գործը բաժանվեց երեք մասի եւ տրվեց երեք դատավորի քննության: Մեսրոպ Մակյանը նախագահող դատավորներից առաջինն է, որը, այսպես ասած, «հաղթահարեց» նախապատրաստական փուլն ու սկսեց դատաքննությունը: Այսօրվա նիստում հրապարակվել են մեղադրանքների եզրափակիչ մասերը:

Հայաստանի իրավապահները միայն 5 տարի անց են կարողացել հայտնաբերել 9 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող եւ հետախուզվող ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր 2012 թվականից: Բաղդասարյանը քաղաքացուց 9 հազար դոլար է պահանջել՝ նրան սեփականության կեղծ վկայական տրամադրելու համար: Այդ ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում: Նախկին ավագ դատախազին օրերս հայտնաբերել են Ուկրաինայում եւ նոյեմբերի 24-ին տեղափոխել Հայաստան: Խաչատուր Բաղդասարյանը կալանավորված է:

Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալում այսօրվա նիստի ժամանակ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի դատավճռի հրապարակումից հետո թույն է խմել: Հաագայում քննվում էր Պրալյակի ու եւս 5 բոսնիացի խորվաթների բողոքը, որոնց դատավճիռը ռազմական հանցագործությունների վերաբերյալ կայացվել էր 2013 թվականին: Այդ ժամանակ Պրալյակին դատապարտել էին 20 տարվա ազատազրկման: Դատավարությունն այսօր ընդհատվել է:

Հայտնի է, թե երբ կամուսնանա վերջին ժամանակներում ամենաքննարկվող զույգը: Բրիտանացի արքայազն Հարրին եւ դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան հաջորդ տարվա մայիսին՝ Վինձորի Սուրբ Գեորգի եկեղեցում: Նշենք, որ զույգը երեկ է նշանվել:

Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն նվազում է: Նոյեմբերի 29-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484.33 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 31 լումա, ֆունտինը՝ 648 դրամ:

Նոյեմբերի 30-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում:  Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի եւ 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ