News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Դատական նոր օրենսգրքով մեկ անգամ եւս ամրագրվում է, որ Երեւանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ 2019 թվականից ստեղծվելու է Սնանկության դատարան, որի նպատակն է լինելու սնանկության վարույթը դարձնել ավելի արդյունավետ։ Այս մասին նոյեմբերի 30-ին կառավարության նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ փոփոխությունների երկրորդ բլոկը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների ընդհանուր ժողովի միջեւ ֆունկցիաների տարանջատմանը, քանի որ վերանում է դատարանների նախագահների խուհուրդը։ «Սպառիչ թվարկվել են դատավորի վարքագծի կանոնները, որոնց խախտելու համար նա կարող է պատասխանատվության ենթարկվել։ Ի տարբերություն վարքագծի կաոնների՝ օրենսգրքում սահմանվել են էթիկայի կանոններ, որոնք հաստատելու է հենց դատավորների ինքնակառավարման մարմինը»,– ասել է Դավիթ Հարությունյանը եւ նշել, որ այդ կանոններն ավելի ուղենիշային են, դրանց համար սանկցիա չի նախատեսվում, սակայն դատավորները իրենք պիտի ձգտեն հասնել դրան։

Նախարարի խոսքով՝ սահմանվել է դատական սանկցիաների ավելի հստակ համակարգ։ «Կողմերի հավասարությունը պահպանելու նպատակով նախատեսվում է, որ նույն սանկցիաները կարող են կիրառվել թե՛ դատախազների, թե՛ փաստաբանների նկատմամբ։ Սահմանվել են դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ որոշակի կարգավորումներ, թեպետ այդ գնահատումը չի կարող ազդել նրա լիազորությունների դադարեցման վրա, սակայն պարբերաբար նման գնահատումներ իրականացնելը կարող է նրանց առջեւ նոր խնդիրներ դնել»,– հավելել է նախարարը։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենսգրքով կարգավորվել է բարձրագույն դատական  խորհրդի ձեւավորման կարգը։ Սահմանվել է մուտքը դատական իշխանություն՝ որակավորման ստուգումներ, խստացված պահանջներ դատավորի թեկնածուի համար։ Հավակնորդները պարտավոր են նաեւ օտար լեզուների տիրապետել։

«Առաջին անգամ ենք մենք պետական պաշտոնյայի համար նման պահանջ սահմանում։ Տարանջատվել են դատավորի կարգապահական պատասխանատվության  ենթարկելու եւ լիազորությունների դադարեցման վարույթները։ Բացի սահմանադրությամբ սահմանված դատավորի գործառութային անձեռնմխելիությունից՝ սահմանվել են նաեւ մի շարք գործիքներ, որոնք վիճելի են, եւ այդ գործիքների հետ կապված եղել են առարկություններ։ Խոսքը վերաբերում է դատավորի մասնակցությանը այն քրեական գործերին, որոնցով ինքը չի հանդիսանում որպես մեղադրյալ կամ կասկածյալ կամ թեեւ կասկածյալ է հանդիսանում, սակայն դրանք կապված չեն իր լիազորություններին։

Օմբուդսմենի եւ իր աշխատակազմի համար մենք ապահովել ենք լրացուցիչ անձեռնմխելիության երաշխիքներ, որպեսզի ապահովենք նրանց անկախ գործունեություն»,– եզրափակեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ