News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը: 

Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:

Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում:

Այսինքն, զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը:

Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:

Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները  վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:

Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանը աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:

Երեկ armtimes.com կայքը ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։

Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։

Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:

Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:

Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու.... ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ եւ իրանցի ժողովուրդների համար». Զարուհի Բաթոյան
Նա նշել է, որ նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության հուշագիր է պատրաստվում, որի նախնական տարբերակն...
Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երեւանում. Նիկոլ Փաշինյան
Որոշակի պայմանավորվածություններ կյանքի են կոչվել եւ որոշակի պայմանավորվածություններ կյանքի կոչվելու փուլում են…
Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է. Վարդան Ոսկանյան
Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդյոք ընդհանրապես տեղյա՞կ են դրանցից...
Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդո ունի Իրանի հետ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանի ողջ տնտեսական քաղաքականությունը արտաքին աշխարհին դիմադրելու քաղաքականություն է․․․
Առաջիկա շաբաթներին Իրանի նախագահը կայցելի Երեւան. ԶԼՄ-ներ
«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոուհանիին այցելել Հայաստան եւ, համապատասխանաբար, Իրանի նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին»,-կիրակի ասել է Սաջադին…
Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի վրա՝ չնայած պատժամիջոցներին. Փաշինյան
Կան բազմաթիվ իրանյան ընկերություններ, որոնք ունեն տնտեսական հարաբերություններ Երեւանի հետ…
Ֆոտոռեպորտաժներ