News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից  վիրավորված Նարեկ Հովեյանն դեպքից հետո այսօր առաջին անգամ խոսել է: Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը հուզմունքը հազիվ զսպելով NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ առավոտյան է ուրախալի լուրը ստացել ու շտապել որդու մոտ:

«Բուժքույրն առավոտյան զանգեց, ասեց, որ այսօր արդեն շնչառական ապարատը անջատել են, եւ Նարեկը այս 10 օրվա մեջ առաջին անգամ խոսել է, յոգուրտ է ուզել: Չգիտեմ, ոնց եմ վազել, հասել հիվանդանոց: Նարեկը բոլորից էր հարցնում, նույնիսկ նրանցից ում շատ քիչ էր ճանաչում, էն բակի երեխաներից բռնած, մինչեւ տարիքով ծանոթներ ու բարեկամներ»,-պատմեց տիկին Սեդան:

Նրա խոսքով` Նարեկը դեռ չգիտի, որ իր ծառայակից ընկերները զոհվել են, ինքն էլ շրջանցել է թեման` չցանկանալով վշտացնել որդուն. «Ինքը հասկանում է` ինչ է եղել, բայց դեռ չգիտի, որ զոհեր կան, ասեց` մենք զոհեր չունենք, մենք բոլորս վիրավոր ենք»:

Տիկին Սեդան պատմեց, որ մինչ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելը Նարեկի մեկ աչքը Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի:

«Աղոթենք, հոսանք, որ Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, ես մեծ հույսեր ունեմ ու աղոթում եմ Աստծուն ամեն օր: Ամբողջ մի ազգ աղոթում է տղայիս համար, որ ինքը ոտքի կանգնի, ու բոլորի աղոթքները տեղ հասան, որ որդիս այսօր խոսեց»,-ասաց նա:

Տիկին Սեդան պատմեց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ ականի պայթյունից է որդին վիրավորվել:

«Նարեկին մինչեւ հիվանդանոց հասցնելը անուն ազգանունն են հարցրել, ասել է` Նարեկ Հայկի Հովեյան ու ավելացրել` մամայիս չասեք»,-հուզված պատմեց Նարեկի մայրը` նշելով, որ դեպքի մասին առաջինը իմացել են Արցախի իրենց բարեկամներից:

Նարեկը 1 տարի 4 ամիս էր, ինչ ծառայում էր, մինչեւ բանակ գնալն էլ բռնցքամարտով է զբաղվել եւ ժողովրդական երգարվեստով. «Նարեկը շատ նպատակասլաց էր, ու միշտ ասոմ էր` մամ ջան, մի քանի ամիս մնաց, գալու եմ ու երգս շարունակեմ: Մեր գերդաստանի ուրախությունն է Նարեկը, բոլոր միջոցառումները ինքն էր կառավարում` երգում էր, հումորներ անում»:

Նշենք, որ ականի պայթյունից Նարեկը հարված է ստացել ճակատային մասում, գլխին հեմատոմաներ են եղել, որոնք մաքրվել են։ Նաեւ շնչուղիների այրվածք է ունեցել, թոքերի սալջարդ, հիմա նաեւ Նարեկի մոտ թոքաբորբ է զարգացել ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում էր ծանր:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին...
Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած...
Բաքվում կալանավորված Ղրղզստանի մաքսատան պետի նախկին տեղակալը ձերբակալվել է
Մատրայմովի նկատմամբ Ղրղզստանի իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել մի քանի շաբաթ...
Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել մոտ 6 մետր և արգելափակվել ձյան մեջ. կան տուժածներ
Մարտի 27-ին՝ ժամը 10:08-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ