News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Խոտ գյուղը, որը գտնվում է Գորիսից ոչ հեռու, մեզ դիմավորեց խորհրդային նմուշի ահա այսպիսի վերապրուկ բեռնատարով. բնակիչներն իջնում էին լեռնային արոտատեղիից՝ իրենց հետ կաթ բերելով: (ֆոտոռեպորտաժ)

Մեր ճանապարհորդության նպատակը Հին Խոտ լքված գյուղ այցելելն էր, որն ավելի ներքեւ է գտնվում, Որոտանի կիրճի ժայռերի վրա:

Տեղեկանալով, որ ճանապարհը վատն է, մենք փորձեցինք որեւէ ամենագնաց գտնել, բայց գյուղապետը բացատրեց, որ բոլոր մեքենաները «դաշտում» են: Իսկ հարցին՝ արդյոք կկարողանա՞նք մեր տեխնիկայով (լուսանկարչական սարք, տեսախցիկ, դրոն) ոտքով կիրճ իջնել՝ դրական պատասխանեց (Ա դե քշացեք էլի): Սակայն հետագա ճամփորդությունից ակնհայտ դարձավ, որ մեր հնարավորությունների վերաբերյալ գյուղապետի պատկերացումները փոքր-ինչ տարբերվում էին մեր իրական հնարավորություններից: Ինչեւէ, մենք ուղեկցորդի հետ սկսեցինք ճանապարհորդությունը, որն անհնար է մոռանալ:

Հին Խոտ գյուղը գտնվում է ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային հրաբխային ապարներում ձեւավորված քարանձավները (նույնպիսի բնակավայր կա Գորիսի մոտ գտնվող մեկ այլ գյուղում՝ Խնձորեսկում):

Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում:

Գյուղը բավականին հին պատմություն ունի՝ գյուղական գերեզմանատան տարածքում մեծ թվով դամբարաններ կան, որոնք թվագրվում են մ.թ.ա. I-II դարերով: Այստեղ է գտնվել նաեւ Կարմիր եկեղեցին (ХII դար), որից այժմ ավերակներ են մնացել:

Ավանդության համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել նաեւ ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, եւ Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից:

Ցանկացած տեղացի ձեզ կպատմի, թե ամեն ինչ ինչպես է եղել. Մհեր իշխանը Լենկ Թեմուրին զգուշացրել է, որ նա չի կարողանա Սյունիքը նվաճել, մինչեւ Խոտ գյուղում կանգուն է թագավոր զանգը, որն ահազանգում է իշխանական կալվածքներին վտանգի մասին: Լենկ Թեմուրը Մհերին ոսկի եւ իշխանություն է խոստացել, եթե նա զանգին ստիպի լռել: Դավադիրները զանգի տակ խարույկ են վառել՝ խլացնելով նրա ձայնը, եւ իշխանական տունը մեկ օրում ընկել է, իսկ մարդիկ զարմացած հարցրել են. «Ինչու զանգերը չեն ղողանջել»: Նրանց պատասխանել են. «Զանգն իզուր էր»: Այս ավանդության մեկ այլ վարկածով՝ հզոր զանգը գտնվել է ոչ թե Խոտ գյուղում, այլ Տաթեւի վանքում, որը Խոտից ոչ հեռու է՝ կիրճով ավելի վեր: Սակայն սրանից էությունը չի փոխվում:

Ինչ վերաբերում է ձեռագիր պատմությանը, ապա Խոտ գյուղն առաջին անգամ հիշատակվում է V դարում՝ կապված Սյունյաց իշխան Բաբիկի կողմից Խոտը պարսից զորահրամանատար Գոռին նվիրաբերելու հետ որպես վերջինիս կողմից քրիստոնեությունն ընդունելու նշան: Վկայություններ կան նաեւ այն մասին, որ Խոտի բնակիչները հարկ են վճարել Տաթեւի վանքի պահպանման համար: Գյուղում պահպանվել է Մրգաձորի խաչ եկեղեցին, որը XVII դարով է թվագրվում: Ավադության համաձայն՝ այն կին է կառուցել, որը փախել էր Շահ Աբասի հարեմից:

Կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 1960-ական թվականները, երբ բնակիչները լքել են իրենց «ժայռե» կացարանները եւ հիմնավորվել բնակության համար ավելի հարմարավետ սարահարթի վրա:

Իրականության եւ ավանդությունների խառնուրդ այս ամբողջ պատմությունը մենք լսում էինք խորդուբորդ ճանապարհով ցած իջնելիս եւ ավերակներին մագլցելիս: Ներքեւում՝ գերեզմանոցի մոտ դրոնը գործարկելով եւ լիուլի վայելելով հիասքանչ համայնապատկերը՝ մենք հանկարծ գիտակցեցինք, որ դեպի վեր վերադարձի ճանապարհը հաղթահարելը դժվար կլինի: Մեզ օգնության հասան տեղացիները, որոնք կիրճ էին իջել հին գյուցից ժառանգություն մնացած այգուց բերքը հավաքելու: Եվ այստեղ սովորական տուրիզմն ավարտվեց՝ իր տեղը զիջելով իսկական էքստրիմի մեկնարկին:

Նրանք սկզբում մեզ հյուրասիրեցին դաշտային համեստ ուտելիքով եւ թունդ թթօղիով:

Իսկ այնուհետեւ նստեցրին անհավանական ԼուԱԶ մակնիշի բեռնատարի մեջ, որն իրենք զապորոժեց էին անվանում։ Այնտեղ բեռնեցին նաեւ հավաքած հոնով (որից նույնպես օղի կթորեն) պարկերը եւ ինչ-որ կերպ տեղավորվեցին նաեւ իրենք. ավելի տարիքով տղաները պարզապես կախվեցին մեքենայի հետնամասից:

Եվ մեքենան վեր սլացավ: Այն ուղղաբերձ վերելքի ժամանակ երբեմն տառացիորեն ուղղահայաց դիրքով էր կախվում, սակայն անհավատալիորեն վեր էր սողում՝ ֆիզիկայի բոլոր կանոններով ներքեւ սահելու փոխարեն: Հինգերորդ կետով փորձարկելով վատ ճանապարհի բոլոր հմայքները՝ մենք, որպես իսկական լրագրողներ, դժգոհում էինք, որ Հին Խոտում լավ ճանապարհ չկա՝ չէ՞ որ ճանապարհն այստեղ մեծ թվով զբոսաշրջիկների կբերեր: Իսկ ընտանիքի հայրը՝ Շիրազը մեզ բացատրեց, որ նույնիսկ այս վատ ճանապարհը Հին Խոտին մեծ վնաս է հասցրել, քանի որ ճարպիկ գործարարները ճանապարհ են գցել, որպեսզի կահույքի համար հատեն դարավոր ընկուզենիները:

«Բայց չէ՞ որ ուրիշ երկրներում հաջողվում է ե՛ւ լավ ճանապարհ ունենալ, ե՛ւ դարավոր ընկուզենիները չհատել»,- մտածում էի Երեւան վերադառնալու ամբողջ ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ