News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գերեզմանը Սանտյագո դե Կուբա քաղաքի Սանտա Իֆիգիենա գերեզմանատանը սկսել են պատրաստել նրա մահից 10 տարի առաջ, հայտնում է Juventud rebelde պարբերականը:

2006 թվականին ծանր հիվանդանալով՝ Ֆիդել Կաստրոն կառավարման լծակները փոխանցել է կրտսեր եղբորը՝ Ռաուլին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը: Նույն թվականին Ռաուլը ճարտարապետ ամուսիններ Էդուարդո Լոսադեին եւ Մարսիա Պերեսին հանձնարարել է սկսել նախագծել կոմանդանտեի գերեզմանը:

Արեւմտյան կիսագնդում առաջին սոցիալիստական պետության հիմնադիրը կյանքից հեռացել է 2016-ի նոյեմբերի 25-ին 90 տարեկանում: Վայրը, որտեղ նա հուղարկավորվելու էր, գաղտնի էր պահվում ընդհուպ մինչեւ նրա մահը:

Կուբայական հեղափոխության առաջնորդի գերեզմանը վիթխարի բաց մոխրագույն գրանիտե քար է, որին ամրացված է մարմարե տախտակ՝ «Ֆիդել» միակ գրառմամբ: Միակտոր քարի խորշի մեջ է տեղադրված կոմանդանտեի աճյունափոշիով մայրուց սափորը: Երկրի արեւելքում Սիերա Մաեստրա լեռներում գտնված քարը 50 տոննայից մի փոքր է պակաս, բարձրությունը մոտ 4 մետր է:

Juventud rebelde-ը հայտնում է, որ նախագիծը սկզբում ղեկավարել է հեղափոխական պայքարի ակտիվ մասնակից եւ Ֆիդել Կաստրոյի մերձավոր համախոհ Խուան Ալմեյդան, որը 1979 թվականից մինչեւ իր մահը՝ 2009 թվականը զբաղեցնում էր Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Այնուհետեւ նրան փոխարինել է հեղափոխական զինված ուժերի փոխնախարար, գեներալ Ռամոն Էսպինոսան:

Ֆիդել Կաստրոյի գերեզմանը հուշահամալիրի կողքին է, որտեղ հանգչում է Կուբայի ազգային հերոս, անկախության մարտիկ Խոսե Մարտիի (1853-1895) աճյունը: Յուրաքանչյուր կես ժամը մեկ հուշահամալիրում փոխվում է պատվո պահակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ