Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:
«Սա շատ կարեւոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում եւս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասաց Մայքլ Քրիստիդեսը:
Կողմերը քննարկեցին կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարեւորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:
Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սեւծովյան տարածաշրջանի 11 պետություններ:
Կազմակերպության շրջանակներում Հայաստանը ստորագրել է «Սեւծովյան տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին» եւ «Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրերը:
Նշված հուշագրերն ունեն Սեւծովյան տարածաշրջանում փոխադրումները դյուրացնելու, սահմանների հատման գործընթացները պարզեցնելու եւ ՍԾՏՀ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտ ներդաշնակեցնելու նպատակ:



























