Դեկտեմբերի 4-ը նվերների պատվերների եւ Ձմեռ պապին նամակ գրելու օրն է: Աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ պապին ուղղված նամակներն ուղարկելու  ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը: Արդյոք՝ երեւանցիները տեղյակ են, թե ինչ օր է այսօր եւ հասցրե՞լ են նամակ գրել Ձմեռ պապիկին, NEWS.am-ը փորձել է պարզել մայրաքաղաքի բնակիչներից:

Հարցմանը մասնակցած տարեցների եւ երիտասարդների մեծ մասը խոստովանեց, որ մինչեւ հիմա հոգու խորքում հավատում են Ձմեռ պապին եւ ամանորյա հրաշքներին: Նրանցից շատերն անգամ նամակ են գրում եւ այն տանում ու հանձնում փոստային ծառայություն. «Ամանոր է, հրաշքներ լինում են եւ հենց այդ հավատով էլ գրում եմ նամակ եւ ամեն տարի ուղարկում Ձմեռ պապիկին, հասցեն՝ Լապլանդիա: Մի անգամ տենց պլանշետ էի ուզել, պարզվեց, որ մաման հենց պլանշետ էլ գնել էր ինձ որպես նվեր, դրանից հետո ամեն տարի նամակ եմ ուղարկում»:

Հարցմանը մասնակցած փոքրիկների պատասխաններից էլ պարզ դարձավ, որ այս տարի Ձմեռ Պապիկից iPhone X են խնդրել, թե ինչու են հենց այս նվերն ընտրել, պատասխանները նույնն էին. «Դե որ խաղամ, մամային ու պապային զանգեմ»:

Երեխաների մեծ մասն էլ խոստովանեց, որ արդեն հասկացել է, որ Ձմեռ պապ գոյություն չունի, բայց նամակ է գրում, որպեսզի իր ծնողները գնեն այն նվերը, որի մասին ինքն այդքան երազել է. «Գիտեմ, որ Ձմեռ պապիկ չկա, բայց նամակ եմ գրում, որ պապան նվեր առնի»: