News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում դեկտեմբերի 3-ին կազմակերպել է Ամանորին նվիրված հերթական 10-րդ բարեգործական տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ ՀՀ դեսպանությունը:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այս առիթով Facebook-ի իր էջում գրել է. «Տոնավաճառն անցկացվում է Լեհաստանի առաջին տիկնոջ՝ Ագատա Կարնհաուսեր-Դուդայի բարձր հովանու ներքո։ Տոնավաճառին մի քանի տաղավարներով մասնակցում էր նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական հուշանվերներ, զարդեր, կոնյակներ, գինիներ, քաղցրավենիք, ավանդական ճաշատեսակներ։

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունից հետո, շրջայցի ընթացքում Հայաստանի տաղավար է այցելել եւ գնումներ է կատարել նաեւ Լեհաստանի Առաջին տիկինը։ Հայաստանի տաղավարի ներկայացմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովում բնակվող հայազգի քանդակագործ Անի Մուրադյանը, «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայկական ավանդական զարդանխշերով գոտիների արտադրությամբ զբաղվող Պժեմիսլավ Զամվրիցկին, Վարշավայի եւ Լեգիոնովոյի հայկական ռեստորանները եւ այլն։

Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում հայկական երգերի կատարումներով հանդես եկան Վարշավայում բնակվող հայազգի երգիչներ Արթուր Գյուրջյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Նոէլ Մարտիրոսյանը:

Բարեգործական տոնավաճառի հասույթը փոխանցվելու է Լեհաստանում գործող մի շարք բարեգործական, հասարակական եւ կրթական կազմակերպությունների»:

Տպել
Ամենաշատ