Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին բողոքի ակցիաներ է անցկացրել Ուկրաինայում պետական իշխանությունը գրավելու եւ Վիկտոր Յանուկովիչի ու Սերգեյ Կուրչենկոյի հանցավոր խմբավորման անդամներին սատարելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Այսօր ես կհրապարակեմ Ուկրաինայի Անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության՝ Ուկրաինայում մերձկրեմլյան ուժերի ռեւանշի ծրագրի ձաղողման գործողության առաջին մասը»,- ասել է Լուցենկոն: Նրա խոսքով՝ դա վերաբերում է մի շարք քաղաքական գործիչների համագործակցությանը:

«Առաջին հերթին Յանուկովիչի եւ Կուրչենկոյի կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների հետ Սաակաշվիլիի համագործակցությանը, որոնց փողերով Սաակաշվիլին եւ նրա շրջապատի անձինք ֆինանսավորել են իրենց կողմից նախաձեռնված բողոքի ակցիաները, որոնց նպատակն էր Ուկրաինայում պետական իշխանության գրավումը եւ Յանուկովիչ-Կուրչենկոյի հանցավոր խմբավորման անդամներին սատարելը նրանց քրեական հետապնդման կասեցման եւ ակտիվների նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցում, որոնք նրանք ժամանակին Ուկրաինայում ձեռք են բերել քրեական ճանապարհով»,- ասել է նա:

«Պարզվել է, որ Սաակաշվիլիին մոտ անձը, հատկապես Ուկրաինայի քաղաքացի Սեւերիոն Դոնգաձեն, իր՝ Սաակաշվիլիի հետ համաձայնությամբ,  վստահելի անձի միջոցով դիմել է Սերգեյ Կուրչենկոյին, որը Ուկրաինայի իրավապահ մարմինների հետապնդումից թաքնվում է Մոսկվայում, Սաակաշվիլիի գործունեության ֆինանսավորման առաջարկով՝ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների շահերի պաշտպանության դիմաց: Մենք արձանագրել ենք Սաակաշվիլիի շրջապատի կողմից ռուսական կողմից մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի ստանալը, որի գրեթե կեսը Սեւերիոն Դոնգաձեին է հանձնվել ուկրաինական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ, այսինքն՝ թղթադրամների արտագրված համարներով եւ տալու պահը ֆիքսելով»,- ասել է Լուցենկոն՝ հավելելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցել են մի քանի ուկրաինացիներ, որոնք գտնվել են Մոսկվայի տարածքում եւ այս քրեական գործունեության շրջանակում փակ վկայություններ են տվել: