News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Միխայիլ Սահակաշվիլիի արկածներն Ուկրաինայում շարունակվում են: Ուկրաինացի իրավապահներն այսօր որոշել են խուզարկել Վրաստանի նախկին նախագահի Կիեւի բնակարանը, իսկ Սահակաշվիլին բարձրացել է 8 հարկանի շենքի տանիքն ու սպառնացել ցած նետվել: Երկարատեւ բանակցություններից հետո ուժայիններին, ամեն դեպքում, հաջողվել է տանիքից իջեցնել Օդեսայի նախկին նահանգապետին ու ձերբակալել:

Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվել: Իրավապահները Սահակաշվիլիին դուրս են բերել շենքից, մեքենա նստեցրել, բայց այդպես էլ չեն կարողացել տեղ հասցրել: Նախկին նահանգապետի համախոհները շրջապատել են մեքենան, նրանց ու իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել, վերջինները նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել:

Ի վերջո, Սահակաշվիլիի կողմնակիցներին հաջողվել է կոտրել անվտանգության ծառայության մեքենայի դուռն ու դուրս բերել գործչին: Ազատության մեջ հայտնված վրացի գործիչն անմիջապես միտինգ է սկսել՝ հայտարարելով, որ պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի, մարդկանց կոչ է արել հավաքվել Մայդանում եւ Պորոշենկոյից ու նրա ավազակախմբից ազատվելու գործընթաց սկսել: Համախոհներով շրջապատված Սահակաշվիլին Գերագույն ռադայի շենք է հասել ու հանպատրաստից հանրահավաք սկսել: Հետաքրքիր է այն, որ Ռադայի շենքը պաշտպանելու համար ուկրաինական իշխանությունները հարյուրավոր ուժայինների են ուղարկել, բայց մի քանի տասնյակ մարդկանցով շրջապատված Սահակաշվիլիին ձերբակալելու փորձ այդպես էլ չի ձեռնարկվել:

Այս իրադարձություններին արդեն մեկնաբանություններ են հետեւել. տանիքին գտնվող Սահակաշվիլին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչին հիշեցրել է Կառլսոնին, անվտանգության ծառայության մեքենայից նրա «ազատագրումն» էլ անվանել են «Փախուստ Շոուշենկից»: Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազը կատարվածում ռուսական հետք է գտել. նա հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետն այս ամենը հրահրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերով՝ երկրում պետական իշխանությունը գրավելու նպատակով: Յուրի Լուցենկոն նաեւ Սահակաշվիլիին կոչ է արել վաղն առավոտյան ներկայանալ քննիչին:

Ազգային ժողովը մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը: Նախագծին այսօր կողմ է քվեարկել միայն 6 պատգամավոր, դեմ՝ 76-ը: Իսկ խորհրդարանի հերթական քառօրյայում ներառված են նաեւ ընտանեկան բռնության մասին օրինագիծը, ռուսական ռազմական վարկի տրամադրման ու ԵՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման հարցերը:

Ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկման համար ընդամենը մեկ ժամ է հատկացվել: Նիկոլ Փաշինյանը հեգնել է՝ առաջարկելով ժամանակ չկորցնել ու հարցը 3 րոպեում քննարկել: Իսկ եթե ավելի լուրջ. «Ելք»-ը կողմ է օրինագծին, բայց Փաշինյանը կարծում է, որ նման վերաբերմունքով հերթական անգամ օրենքը ոչ թե քննարկելու եւ ընդունելու, այլ «սղղացնելու» են: Փոխարենը «Ելք»-ը դեմ է քվեարկելու ԵՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացմանը: Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում մաքսային հարաբերությունների հետ կապված խնդիրներ անընդհատ առաջանալու են:

Էդմոն Մարուքյանն էլ խոսել է թանկացումների մասին՝ իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տալով շրջել հանրապետության մարզերով ու մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն ամենօրյա ռեժիմով թանկանում:

Հանրապետական խմբակցությունից Խոսրով Հարությունյանը տրամաբանական չի համարում խոսակցությունները, որ նոր մաքսային դրույքաչափերը բերելու են ապրանքների թանկացման, իսկ թանկացումների մասին խոսող լրագրողներին խորհուրդ է տալիս չխտացնել գույները: Հանրապետական մեկ այլ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն էլ, պարզվում է, ընդհանրապես տեղյակ չէ պարենային ապրանքների թանկացումից:

Մամուլում համառորեն լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սպասվում: Շրջանառվում են, մասնավորապես, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի եւ նրա տեղակալներ Ստեփան Գալստյանի ու Հայկազ Բաղմանյանի անունները: Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում առաջին երկուսի մասին ոչինչ չի ասել: Իսկ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատել է: Ավելին, Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել հենց նախարարի հորդորով: Պաշտպանության նախարարը նաեւ պատճառների մասին է խոսել: Օրվա ավարտին արդեն հանրապետության նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից:

Էջմիածնում զարհուրելի դեպք է տեղի ունեցել: 71-ամյա տղամարդը ոստիկանություն է ներկայացել ու խոստովանել, որ քաղաքի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկի հետնամասում մարդ է սպանել: Գումարային խնդրի շուրջ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է ծագել, արդյունքում Սլավիկ Մաթեւոսյանը խոհանոցային դանակով սպանել է 65-ամյա Խորեն Սարգսյանին, իսկ հետո կացնով անդամահատել իր զոհի դաստակները: Մաթեւոսյանը ձերբակալված է: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ 65-ամյա գործընկերոջը կասկածել է աշխատավայրից գումար գողանալու մեջ:

Դոլարն ու եվրոն թանկանում են: Դեկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, ֆունտինը՝ 650 դրամ:

Դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսից հանրապետությունում տեղումներ են սպասվում, որոշ շրջաններում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 8-10 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ