News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը կշարունակի մարզերում մշակութային կյանքի ակտիվացման քաղաքականությունը: Այս մասին դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանը, ի տարբերություն մարզերի, մշակութային միջոցառումներով հագեցած է: Սրա հետ կապված արդեն մի քանի ծրագրեր են սկսվել եւ անցկացվում: Փոխնախարարը նշեց, որ առաջինը «Մշակութային կանգառ» ծրագիրն է, որով նախատեսվում են մարզեր համույթների եւ կոլեկտիվների հյուրախաղային ուղեւորություններ: Տարվա մեջ եղել է այդպիսի 426 «կանգառ»: Ըստ որում՝ բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել, ֆինանսավորումը կատարել է «Փյունիկ» հիմնադրամը: Նախապես ծրագրվում էր միայն պետական կոլեկտիվների մասնակցությունը, սակայն մեկնարկն այնքան հաջող էր, որ միացան նաեւ ոչ պետականները, նշեց Պողոսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ մազերում շատ լավ են ընդունել դասական երաժշտության համերգները: «Դահլիճները լեցուն էին: Ցանկանում ենք մյուս տարի ծրագիրը շարունակել, կձգտենք բյուջեի միջոցներ ներգրավել, չնայած համոզված եմ, որ հովանավորներ կգտնվեն»,- նշեց Պողոսյանը: Փոխնախարարն արձանագրեց, որ մարզերում մշակութային կենտրոններ կան, բայց քիչ օգտագործվելու պատճառով, ոչ բոլորն էին նորմալ վիճակում: Այսպիսով, «Մշակութային կանգառ» ծրագիրը անուղղակիորեն հանգեցրել է դրանց վիճակի բարելավմանը: Ծրագիրը միաժամանակ ակտիվացրել է տեղական կոլեկտիվներին, որոնց ակտիվ աշխատանքը հաջորդ տարի կշարունակվի: «Կջանանք նրանց ավելի ակտիվորեն ներգրավել: Օրինակ՝ կատարել մարզերի կոլեկտիվների փոխանակում»,- հայտնեց Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով՝ նաեւ կընդարձակվի փառատոների անցկացման աշխարհագրությունը: Օրինակ՝ «Ոսկե ծիրան» փառատոնի մի մասը Սյունիքում կանցկացվի:

Մեկ այլ ծրագիր է «Արարը», որը վերաբերում է ինքնագործունեության մանկական կոլեկտիվներին: Ծրագիրը գրեթե 4 ամիս է գործում, բայց արդեն կարելի է այն հաջողված համարել, գործում են ավելի քան տասնյակ խմբեր: Փոխնախարարը նշեց, որ նախկինում էլ խմբերը կային, սակայն այդ ձեւաչափն ավելի ինտերակտիվ է եւ ավելի մեծ արդյունքներ կտա: Ծրագիրը համապատասխանաբար մտցվել է 2018 թվականի բյուջե: Ավանդական ծրագիրն է «Մենք եւ մեր մարզը» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն ուսումնասիրում են իրենց մարզը, այլ մարզեր հյուրախաղերի մեկնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ