News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում արդեն մեկ ամսից ավել բանտում գտնվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի ընկերները և գործընկերները հանդես են եկել Ջեմիլի և դարձյալ բանտարկված նրա տիկնոջ` Նուրջան Վայիչ Աքսուի մասին հայտարարությամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով Ջեմիլ Աքսուի աշխատակցած «Բիրիքիմ» հանդեսի կայքէջում հրապարակված լուրի վրա: Աղբյուրի փոխանցմամբ, Ջեմիլի ընկերները հայտարարության մեջ մասնավորապես գրել են.

«Մեծ ցավով տեղեկացանք, որ մեր ընկեր և գործընկեր Ջեմիլ Աքսուն 2017 թ. հոկտեմբերի 25-ին ձերբակալվել է և տարվել Արդվինի կալանատուն: Ձերբակալության համար որպես հիմք է ներկայացվել սոցիալական ցանցում նրա կողմից արված մի հրապարակում:

Մեզնից ոմանք Ջեմիլին ճանաչում են որպես «Սուդան Սեբեփլեր» ժողովածուի խմբագիր: Ջեմիլն` իր բազմակողմանի զարգացվածությամբ, բծախնդրությամբ և աշխատասիրությամբ, մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի` հիդրոէներգետիկ ոլորտում վարած քաղաքականության և հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի վերաբերյալ այդ համապարփակ ժողովածուի հրատարակման գործում:

Մեզնից ոմանք էլ, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում Արևելասևծովյան շրջանի վերաբերյալ, առաջին անգամ Ջեմիլի հետ հանդիպել են Խոփայում: Մեզնից շատերը մեծ քաղաքներից էին Սևծովյան շրջան գնացել, որպեսզի ուսումնասիրություններ անեին հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի մասին, և շատերիս գլուխը լի էր Սևծովյան շրջանի վերաբերյալ կանխակալ կարծիքներով, և Ջեմիլն առաջինն էր, ով մեզ մատնացույց արեց պետության, էներգետիկ ընկերությունների և, մինչև իսկ, ակտիվիստ խմբերի կողմից շրջանառվող և մոլորեցնող միֆերը:

Նրանից շատ բան ենք սովորել` Թուրքիայի գյուղական շրջաններում կապիտալիստական քաղաքականության, Սևծովյան շրջանում տեղի ունեցող զարգացումների, Համշենի պատմագրության, էկոլոգիայի պահպանման համար տարվող պայքարի և այդ խնդիրները ներկայացնելու վերաբերյալ: Թեև այդ ամենը նա մեծ հուզմունքով էր պատմում մեզ, բայց երբեք չէր կորցնում վերլուծական մտածողությունն ու մտավորականին վայել հանգստությունը:

Չենք մոռացել նաև Ջեմիլի առատաձեռնությունը: Միշտ երախտագիտությամբ ենք հիշելու, թե ինչպես էր նա իր գրադարանի դռները բացում Արդվին եկած յուրաքանչյուր ուսումնասիրողի առջև, գրադարան, որը ցրվեց ոստիկանության խուզարկման հետևանքով, ինչպես էր ամեն ակտիվիստի և արվեստի գործչի տասնյակ գրքեր ու հոդվածներ տրամադրում, ինչպես էր նրանց հյուրասիրում Արդվինում ու Խոփայում և նույնիսկ առանց երկմտելու իր տան դռները բացում առաջին անգամ ծանոթացած մարդկանց առջև: Կասկած չունենք, որ նա այդպես է վարվել մամլո հաղորդագրության, բողոքի ցույցի, դատական նիստի և քննարկման համար Սեւծովյան շրջան ժամանած ամեն մի ընկերոջ նկատմամբ:

Ջեմիլի ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ նրա կինը` խոփացի ակտիվիստ Նուրջան Վայիչը եւս ձերբակալվել էր` դարձյալ նմանատիպ հիմնավորմամբ: Մեր անհանգստությունը մեծանում է այն մտքից, որ նրանց որդին` 8-ամյա Արևը, այդպիսով բաժանվել է իր ծնողներից: Ակնկալում ենք, որ իրենց սոցիալական գրառումների պատճառով ազատազրկված Ջեմիլն ու Նուրջանը, գրառումներ, որոնք պետք է արժևորվեն խոսքի ազատության շրջանակներում, շուտով ազատ կարձակվեն և կմիանան իրենց սիրասուն զավակին` Արևին»:

Տպել
Ամենաշատ