News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


29 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:

Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի պահին երկրակեղեւի պատռվածքի գոտուց ազատվել է Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբի նման 10 ատոմային ռումբի պայթյունին հավասարազոր էներգիա: Երկրաշարժի առաջ բերած ալիքը տարածվել էր ողջ Երկրով եւ արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի գիտական լաբորատորիաներում:

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Մեծ ավերածություններ եղան նաեւ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Կիրովականում (այժմ Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանեց երկրի արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը: Այն ժամանակ Հայաստանին օգնության եկավ ողջ աշխարհը:

Ցավոք, աղետից 29 տարի անց աղետի գոտին չի վերացել, անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, անմարդկային պայմաններում: Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Սերժ Սարգսյանը եւս 2008-ին գալով իշխանությանխոստացել էր, որ վերացնելու են աղետի գոտի հասկացությունը, որ անօթեւան ընտանիքներ չեն լինելու:

Սակայն այսօր անօթեւան հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ