News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքը վերածնվում է, սակայն դեռ կան չլուծված խնդիրներ, շատերը դեռ ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում: Այս մասին նշել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արդեն 29 տարի դեկտեմբերի 7-ը նշում ենք որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Տարերքի հասցրած ավերածությունների հետքը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում: Շիրակի մարզը երկրաշարժից տուժած ամենամեծ տարածաշրջանն էր:

Արհավիրքի արդյունքում մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ դարձան անօթեւան, մի քանի վայրկյանում կործանվեցին տասնամյակների ընթացքում կառուցված արտադրական հզորությունները, կրթամշակութային եւ սոցիալական նշանակության կառույցները:

Ամեն տարի մենք նորից ու նորից վերապրում ենք կորուստի ցավը. ցավ, որին բալասան թերեւս չկա:

Այսօր եւս մեկ անգամ մեր խոնարհումն ենք բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեծ ողբերգության առաջին իսկ օրվանից եղել են մեր կողքին, ովքեր տարիներ շարունակ օգնել են հաղթահարելու եւ վերացնելու աղետի հետեւանքները:

Անցած 29 տարիների ընթացքում կառուցվել են բնակարաններ, հազարավոր անօթեւաններ տարեմուտը դիմավորել են տաք ու ապահով բնակարաններում,ստեղծվել են աշխատատեղեր: Քաղաքը վերածնվում է, սակայն դեռեւս ունենք չլուծված խնդիրներ: Մեր հայրենակիցներից շատերը դեռեւս ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում:

Անելիքներ շատ կան, բայց եւ համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են աղետի հետեւանքների վերացման, վերելքի եւ մեր մարզի շենացման տարիներ:

Ցանկանում եմ ձեզ համբերություն, ուժեղ կամք, հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ