News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճչանաչելու մասին առայժմ ստացել է միայն Իսրայելի հավանությունը:

ԱՄՆ առաջնորդն իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությանն արդեն կարգադրվել է սկսել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխման աշխատանքը: Թրամփը հավելել էր, որ այս որոշումը չի նշանակում, որ Վաշինգթոնը հրաժարվում է տարածաշրջանում հանուն խաղաղության աշխատելու իր պարտավորությունից: Նրա խոսքով՝ Երուսաղեմը պետք է սուրբ վայր մնա երեք դավանանքների՝ քրիստոնեության, իսլամի եւ հրեականության ներկայացուցիչների համար:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքը ընդունվել է դեռեւս 1995 թվականին, որը պետք է կատարվեր մինչեւ 1999 թվականի մայիսի 31-ը: Սակայն օրենքում նախագահին վետոյի իրավունք էր վերապահվել, որը մինչեւ հիմա յուրաքանչյուր կես տարին մեկ սահմանել էին Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը եւ Բարաք Օբաման՝ ձգտելով խուսափել այնպիսի քայլերից, որոնք Մերձավոր Արեւելքում իրավիճակն ավելի կսրեին:

Աշխարհը քննադատեց Դոնալդ Թրամփի որոշումը

Մերձավոր Արեւելքի այլ երկրների, այդ թվում՝ Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի նախագահները, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգան սպասելիորեն դեմ հանդես եկան այդ որոշմանը։ Եվրոպան նույնպես հիացած չէ։ Թրամփի քննադատները մտավախություններ ունեն, որ Իսրայելին կատարած սկզբունքային զիջումը կարող է տարածաշրջանում հակամարտության նոր էսկալացիայի բերել եւ հանգեցնել ԱՄՆ–ում եւ աշխարհում ահաբեկչական ակտիվության աճի, ինչպես նաեւ խաչ քաշի խաղաղ բանակցությունների վրա։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի պլանը ԱՄՆ անզորության եւ ձախողման նշան է որակել։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական երկրներին կոչ է արել միավորվել կասկածելի, անօրինական, սադրիչ եւ շատ վտանգավոր որոշման դեմ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ–ն «խորին մտահոգություն» է հայտնել Թրամփի հայտարարության հնարավոր հետեւանքների կապակցությամբ։ Սիրիայի ԱԳՆ–ն կարծում է, որ այդ որոշումն ապացուցում է, որ ԱՄՆ–ն այլեւս չի կարող գերտերության դեր խաղալ։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին կոչ է արել զգույշ լինել Իսրայելի հետ հարաբերություններում։ Արաբական պետությունների լիգան Կահիրեում շաբաթ օրն արտահերթ նիստ է գումարել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ եւ Իսլամական համագործակցության երկրների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի նախաձեռնությամբ հանդես եկել։

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը  հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելը չի պաշտպանում ԱՄՆ նախագահի որոշումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես քննադատել է այդ քայլը։ Բրիտանիայի կառավարությունը չի պլանավորում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հինգշաբթի մուսուլմաններին կոչ է արել դեմ դուրս գալ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը։ Վաշինգթոնի դիրքորոշման քննադատությամբ հանդես եկավ նաեւ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը միջազգային իրավունքի ոտնահարում է եւ հաստատում է, որ ԱՄՆ–ն սպառնում է աշխարհին։ Նման կարծիք է հայտնել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։

Ավելի վաղ՝ այս շաբաթ, Հռոմի Պապը Թրամփին կոչ էր արել հրաժարվել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից։ Այդ մասին ասված է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։ Ընդ որում, ԵՄ դիվանագետները միացել են Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին, որը Վլադիմիր Պուտինին համոզում էր ազդել Սպիտակ տան ղեկավարի վրա։

Հինգշաբթի Պուտինի հետ Երուսաղեմի շուրջ ամերիկյան որոշումների քննարկման մտադրության մասին էր հայտնել նաեւ Թուրքիայի նախագահը։

Միաժամանակ Կրեմլից հայտնում են, որ Թրամփի որոշումը դժվար թե նպաստի կարգավորմանը։ «Մենք ենթադրում ենք, որ այդ որոշումը հիմա չի նպաստում մերձավորարեւելյան կարգավորման մեջ որեւէ առաջընթացի, ինչպես մենք տեսնում ենք, առաջինը հանգեցրել է միջազգային հանրության պառակտման»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հնչեցին սպառնալիքներ. ՀԱՄԱՍ–ը խոստացել է վրեժ լուծել Երուսաղեմի համար թե՛ Իսրայելից, թե՛ ԱՄՆ–ից։

Պաղեստինյան իսլամիստական շարժման՝ ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որոշումը պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիա է եւ նրա սրբություններին հայտարարված պատերազմ։ Նա արաբական երկրներին կոչ է արել խզել ԱՄՆ–ի հետ համագործակցությունը եւ հայտարարել է, որ Թրամփը կզղջա իր որոշման համար։ «Պաղեստինցի ժողովուրդը հիմա արաբական եւ իսլամական համայնքներից սպասում է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների խզմանը։ Մենք սպասում ենք, որ պաղեստինյան փոթորիկը կշարունակվի, քանի դեռ Դոնալդ Թրամփը չի զղջացել»,– ասել է նա։

«Ան Նուջաբա» շիական աշխարհազորը սպառնում է հարձակումներ իրականացնել Իրաքում ամերիկացի զինվորականների դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտնել էր աշխարհազորի առաջնորդ Աքրամ Ալ Քաաբին, հաղորդել էր «Ալ Մայադին» հեռուստաալիքը։

«Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով օրինական առիթ կդառնա ամերիկացի զինծառայողների դեմ հարձակումների համար»,– ասել է նա։ Ալ Քաաբին նաեւ ԱՄՆ այդ քայլը Պաղեստինի ժողովրդի դեմ բացահայտ ագրեսիա եւ միջազգային նորմերի ակնհայտ ոտնահարում է անվանել։

Յուդայում եւ Սամարիայում Իսրայելի բանակի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստականության՝ պաղեստինցի արաբների կողմից սպասվող բողոքի ցույցերի ֆոնին։

Պաղեստինի ինքնավարության դպրոցներում համընդհանուր գործադուլ է հայտարարվել եւ ենթադրվում է, որ երիտասարդությունը կմասնակցի բողոքի ակցիաներին։

Ռամալլահում՝ Հորդանան գետի արեմտյան ափի վարչական կենտրոնում, որտեղ գտնվում է Պաղեստինի ազգային ինքնավարության «Մուկատա» նստավայրը, այսօր բողոքի ցույց է ընթանում։ Իսրայելի անվտանգության ուժերը չեն բացառում ցուցարարների եւ զինվորների ու սահմանային ոստիկանության մարտիկների միջեւ բախումները։

Լարվածության լրացուցիչ օջախ է Երուսաղեմը։ Տեղի արաբական դպրոցներում չեղարկվել են պարապմունքենրը՝ ի նշան Թրամփի որոշման դեմ բողոքի։ Մայրաքաղաքում անվտանգության ուժերը նույնպես բերվել են բարձր պատրաստականության Տաճարի լեռան վրա ուրբաթօրյա աղոթքից առաջ։

Ըստ Reuters–ի, Bloomberg–ի, Newsru.com–ի, ՏԱՍՍ–ի, «Ինտերֆաքսի» եւ «ՌԻԱ Նովոստիի» նյութերի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ