News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում արած հայտարարությունը, թե «պրինցիպիալ» փոխելու են Գյումրիի կյանքը, արժանահավատ չի թվում գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը վարչապետին հակադարձում է այս օրերին Ազգային ժողովում քննարկվող բյուջեի բովանդակությամբ, որտեղ ոչ մի տող միտված չէ քաղաքացու կյանքի բարելավվմանը։

«2018–2020 թվականներին թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի սպասվում։ Հանրապետության ամենաաղքատ մարզից՝ Շիրակից, մեծ թափով արտագաղթ է, իսկ աղետի գոտուց ազատվելու հստակ ու կոնկրետ որեւէ ծրագիր չկա»,- NEWS.am–ի հետ զրույցում շեշտեց Վարդեւան Գրիգորյանը՝ հավելելով, որ երկրաշարժից 29 տարի անց դեռեւս 3 հազար տնակ կա Գյումրիում. «Կենտրոնի գեղեցիկ շենքերը ցուցանիշ չեն, ներկա վիճակի խոսուն պատկերը արվարձաններն են որտեղ աղետալի պայմաններում ապրող երեխաները անտեսված են իշխանություններից»:

Պատգամավորի խոսքով, 29 տարի անց էլ Գյումրին աղետի գոտի է. «Եթե կա 3 հազար տնակ, ի՞նչ եք կարծում՝ դա ինչ է։ Իհարկե, քաղաքի կենտրոնում փոփոխություն կա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Գնացեք տեսեք՝ ինչ է կատարվում քաղաքի ծայրամասերում։ Հազարավոր երեխաներ փայլուն աչքերով, խելացի դեմքերով անտեսված են»։ 

Նա նշեց, որ զբոսաշրջության զարգացմամբ միայն չես կարող  լուծել Գյումրիի այսօրվա խնդիրները, ներդրումներ են հարկավոր, սակայն ներդրողներն էլ նման ռիսկի չեն կարող գնալ՝ հաշվի առնելով մարզից արտագաղթի մեծ հոսքը։

«Գյումրիում հարկավոր է աշխատատեղ ստեղծել, եթե չի ստեղծվում, այդ միջավայրը, որ ներդրողները գան ու ստեղծեն աշխատատեղեր, իհարկե, էս վիճակը դեռ երկար տարիներ կձկձգի։ Ներդրողը չի գա պատահական ներդրում անի, որքան էլ որ հայրենասեր գյումրեցի լինի։ Երբեք իր աշխատած գումարը չի բերի ինքնանպատակ դնի։ Գյումրիում չկա էն միջավայրը, որ եկամուտ ստանան»,-ասաց Վարդեւան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի այն պնդմանը, որ կառավարության ծրագիրը միտված է Գյումրիում կյանքի բարելավմանը, Վարդեւան Գրիգորյանը հակադարձեց. «Կառավարությունը չի կարողացել կատարել իր ծրագիրը։ Եթե այդ հայտարարության հետեւից կգնան ու Գյումրիում կյանքը կփոխվի, հազար անգամ շնորհակալություն կհայտնենք ամբիոնից։  Փաստը խոսում է էն մասին, որ առաջիկա երեք տարին մեր Հանրապետությունում սոցիալական վիճակը չի փոխվելու»։

Դիտարկմանը, թե  որպես Գյումրիից ընտրված պատգամավոր՝ Կարեն Կարապետյանի խոսքերին  հավատալու հիմք չունի՞, Վարդեւան Գրիգորյանը հիշեցրեց իր ելույթը. «Ես բյուջեի քննարկման ժամանակ ասել եմ, որ չեմ հավատում, դեմ եմ քվեարկելու բյուջեին, որովհետեւ 2018–2020 թվականերին սոցիալական ոլորտում փոփոխություն չի լինելու, քանի որ  թոշակների եւ աշխատավարձերի հարցում  առաջխաղացում նախատեսված չէ»։

Տպել
Ամենաշատ