Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 8-ին, զինված խմբի գործով ամբաստանյալներից Հրաչյա Սարիբեկյանը «Զիմ» հրաժարվեց իր շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից: Հրաչյա Սարիբեկյանի շահերի պաշտպան ներգրավվեց Նարինե Ռշտունին: Պաշտպանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Այս գործով հետազոտվում են գործում առկա նյութերը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: