News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երևանի քաղաքացիները թանկացումներից արդեն հուսահատված են եւ չեն պատկերացնում՝ թե ինչ են անելու հունվարին սպասվող թանկացումներից հետո: NEWS.am-ի թղթակիցը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու բնակիչների կարծիքը թանկացումների վերաբերյալ:

71-ամյա Համլետ Աբրահամյանը կարծում է, որ այնքան շատ են ապրանքները թանկացրել, որ այլեւս տեղ չկա թանկացնելու. «Գոնե  պարանը էժանացնեն, մենք կախվենք, պրծնենք էս երկրից, չի կարելի, չէ: Ես իմ թոշակը չեմ ուզում ստանամ, թող իրենք վերցնեն, ինձ հաց տան ու կոմունալ ծախսերը հոգան: Ի՞նչ ա, ես իմ հողի վրա պիտի աղքատությա՞մբ ապրեմ: Չէ, ես վայթե թողեմ գնամ էս երկրից, էդ Հանրապետականը ոնց ուզում է, թող տենց էլ ապրի: Ինձ ոչ պրիզիդենտ է պետք, ոչ վարչապետ, ոչ էլ ինչ-որ բան, ջուրը թանկ, գազը թանկ, հացը՝ թանկ, ամեն ինչը թանկ, ես հոգնել եմ արդեն: Մի քիչ էլ կթանկանա եւ այդպես էլ կմնա էլի, իրենք մեր երեխաների ապագան են խորտակում»,-բողոքեց թոշակառուն:

Քաղաքացիների խոսքով՝ գրեթե բոլոր ապրանքներն էլ թանկացել են, եւ եթե առաջ կարողանում էին ամիսը մեկ անգամ միս գնել, հիմա դա էլ չեն կարողանում. «Ոնց կլինի, երեխա ա, ուզում ա, կարա՞ս չառնես, գոնե մի անգամ ամսվա մեջ երեխեն միս չուտի՞»,-ասաց հարցվողներից մեկը:

Քաղաքացիների խոսքով՝ թանկացումներին հնարավոր կլիներ ինչ-որ կերպ դիմակայել, եթե Կառավարությունը բարձրացներ աշխատավարձերն ու թոշակները:

«Կարող  ա գժվենք, պատերազմ հայտարարենք հենց Հայաստանին, որովհետեւ ոտնահարում են մեր իրավունքները, մենակ իրենց գրպանն է գնում»,-ասաց 45-ամյա Դավիթը:

Քաղաքացիների կարծիքով՝ Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ճիշտ է բնութագրել իրավիճակը, որ աղքատներին հասու չեն կարագն ու միսը ու հաստատում է, որ աղքատությունը չի վերանալու, ընդհակառակը՝ ավելանալու է:

«Ճիշտ ա ասում, որովհետեւ աղքատը կուտի, չի ուտի, նրա համար մեկ ա, թանկացումը իրան է վերաբերում: Մենք սոված ենք, իրանց համար ուրիշ բան չկա: Կարտոշկա ենք ուտում ու հաց, էդ կարտոշկեն էլ  թանկացել է էս տարի, չենք կարող յոլա գնանք»,-ասաց 71-ամյա թոշակառուն:

Հիշեցնենք, որ օրերս Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետեւ նրանք գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել: «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից»,-ասել է նա:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հունվարից սպասվում են առաջին անհրաժեշտության ապրանքների նոր թանկացում:

Տպել
Ամենաշատ