News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2018 թվականի պետբյուջեն ընդունվեց: Ազգային ժողովում այսօր նախագծին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 35 պատգամավոր: Բյուջե-2018-ին դեմ են արտահայտվել «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

Ձայների 73 կողմ, 12 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագիծը: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի հերթական քառօրյան ավարտվեց, սակայն դեկտեմբերի 12-ին պատգամավորները նորից կհավաքվեն՝ արտահերթ նիստի: Այն նախաձեռնել է կառավարությունը՝ 19 հարցից կազմված օրակարգով:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ակցիա է սկսել՝ պահանջելով, որ Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վայր դնի պատգամավորական մանդատը: Քոչարյանն այսպես է արձագանքել աղքատության մասին Հակոբյանի աղմկահարույց հայտարարություններին՝ նշելով, որ, իր խոսքով, «ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձեւավորել մեր օրենսդրական դաշտը»: Իսկ Հակոբ Հակոբյանն օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե թանկացումները չեն վնասի աղքատներին, որովհետեւ նրանք, միեւնույն է, գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել:

Լրագրողները փորձել են Հակոբ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ մանդատը վայր դնելու պահանջի մասին: Պատգամավորն արձագանքել է՝ «գնացեք դուք էլ միացեք այդ ակցիային» ու դուռը շրխկացրել լրագրողների դեմքին: Իսկ ինչպես են երեւանցիներն արձագանքում թանկացումներին, փորձել ենք պարզել հարցման միջոցով:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահի որոշման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Քաղաքում լարվածությունը պահպանվում է, իշխանությունները ոստիկանական նոր ուժեր են կենտրոնացրել Երուսաղեմում՝ հնարավոր անկարգություններին արագորեն արձագանքելու համար: Ցուցարարներն այստեղ ակցիայի են դուրս եկել Դոնալդ Թրամփի ծաղրանկարներով ու տարբեր կարգախոսներ վանկարկելով:

Իսկ Երուսաղեմի Հայոց պարտիարքարանից մեր թղթակցին հայտնել են, որ հայ համայնքին վտանգ չի սպառնում: Պատրիարքարանի ներկայացուցչի փոխանցմամբ՝ թաղամասը, որտեղ տեղի են ունենում ցույցերն ու անկարգությունները, հեռու է հայկական թաղամասից: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ կարգադրել ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: Այս հայտարարությունից հետո Պաղեստինում զանգվածային գործադուլներ են սկսվել, մարդիկ փողոցներ են դուրս եկել, ամերիկյան դրոշներ այրել, իսկ Հորդանան գետի արեւմտյան ափին բախումներ են գրանցվել պաղեստինցի եւ իսրայելցի զինծառայողների միջեւ: Երկու կողմից էլ հաղորդում են տուժածների մասին:

France Football-ն ամփոփել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները. երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի ֆուտբոլիստն այս մրցանակին արժանացավ 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Վերջինն այս տարվա քվեարկության արդյունքներով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը: Նշենք, որ այս եռյակը գլխավորում էր նաեւ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը: Այստեղ նույնպես Ռոնալդուն առաջին հորիզոնականում է, Մեսին՝ երկրորդ:

Երեւանի բացվեց ձմեռային ժամանցի շատերի սիրելի վայրը՝ Կարապի լճի բացօթյա սահադաշտը: Հանդիսավոր բացման միջոցառմանը մասնակցել են Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաները: Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:

Դեկտեմբերի 8-ին դոլարն աննշան, իսկ եվրոն կտրուկ արժեզրկվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 653 դրամ:

Դեկտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես հանգստյան օրերին տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -4-6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ