News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու համար շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի պատժաչափը հունվարի 1-ին ավարտվում էր, եւ նա պետք է ազատ արձակվեր: Բայց այսօր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում մեղադրող կողմն այս գործի շրջանակում նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Գեւորգ Սաֆարյանը դատախազի միջնորդությանն արձագանքել է՝ հայտարարելով, որ նա նախագահականի պատվերն է կատարում, եւ լքել է դահլիճը:

«Ինձ կալանավորելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հասկանում եմ, իհարկե, իշխանությունների վախը, մեր իշխանություններն իրենց շողքից են արդեն վախենում, ուր մնաց մեզանից չվախենան: Արդեն պարզ է. դատարանը հրաման ունի եւ ինձ կալանավորելու է: Ես լքում եմ դատական նիստը՝ համոզված լինելով, որ էդ հրամանն արդեն Բաղրամյանից ձեզ իջեցված է, դուք էլ, իհարկե, ենթարկվելու եք էդ հրամանին»,- հայտարարել է Սաֆարյանը, ինչից հետո դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանին արգելել է միջնորդություն ներկայացնել, վերջինը հայտարարել է, թե այն կուղարկի էլփոստով եւ լքել դահլիճը: Դահլիճից հեռանալու համար Տիգրան Եգորյանի նկատմամբ նույնպես սանկցիա է կիրառվել: Գեւորգ Սաֆարյանին կալանավորելու միջնորդությանն առարկել են բոլոր պաշտպանները, դատավորը, ընդամենը 20 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում, արդեն ոչ աշխատանքային ժամին հրապարակել է խափանման միջոցը կալանք ընտրելու որոշումը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նա փորձել է տոնածառ տեղադրել, ոստիկաններն արգելել են: Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները վճիռը նույնն են թողել: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ գործը շինծու է՝ հիմնված միայն ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա:

Տպել
Ամենաշատ