News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իր դիմումի պատասխանը դեռ Կառավարությունից չի ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը` ավելացնելով, որ առանձնապես հույսեր չի կապում, որ Կառավարությունից դրական պատասխան կստանան:

«Ոչ մի պատասխան դեռ չունենք, բայց արված հայտարարություններից տպավորությունն այնպիսին է, որ Կառավարությունը բավարարելու, կամ ինչ-որ բան փոխելու ցանկություն չունի եւ դրանով մի անգամ եւս ցույց է տալու իր վերաբերմունքը թե սահմանադրականության, թե օրենքների եւ թե ժողովրդավարական արժեքների նկատմամբ, չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը շատ հստակ տվել է ձեւակերպումներ, որից բխում է, որ այն նիստերը, ոորնք արվել են, հակասահմանադրական եւ անօրինական են եղել, որի հետեւանքով պետք է լուծարվեր ավագանին եւ նոր ընտրություններ նշանակվեին»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ այս պահին ավագանու նիստերը շարունակվում են գումարվել, ինչն անօրինական է:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով` իրենք իենց հետագա անելիքների մասին կհայտարարեն Կառավարության կողմից պատասխան ստանալուց հետո:

Այս առնչությամբ, Արարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չկա. «Այո, Սահմանադրական դատարանը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի որոշ նորմեր, որոնց հիման գործել է Վանաձորի ավագանին, Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել: Միաժամանակ սահմանել է ժամկետ, թե երբ են այդ դրույթները կորցնելու ուժը: Հիմա մենք Վանաձորում ունենք նոր իրողություն, եթե այդ իրավիճակը հնարավորություն տա, որպեսզի ավագանին պատշաճ գործի, մենք ավագանու լիազորությունները վերանայելու  որեւէ հիմք չենք տեսնում»։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը դրանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի եւ ավագանին չկարողանա նիստեր անել, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։

Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:

Տպել
Ամենաշատ