News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հասարակության մոտ նկատելի է դառնում կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության որոշակի դրական միտում, ջարդվում են թվացյալ անխորտակելի կարծրատիպեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում մարդիկ կատեգորիկ հրաժարվում էին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեջ ներգրավվելուց՝ չցանկանալով օգնել իրավապահ մարմիններին, ապա ներկայումս ունենք դեպքեր, երբ քաղաքացիների եւ իրավապահ մարմինների միջեւ ծավալված ակտիվ եւ սերտ համագործակցության արդյունքում հաջողվել է ոչ միայն բացահայտել կոռուպցիոն դեպքեր եւ սխեմաներ, այլեւ փաստական տվյալներով հիմնավորել  հանցավոր արարքներում անձանց մեղսակցությունը:

«Կարծում եմ՝ համագործակցության այս դրսեւորումներն անհնարին կլինեին, եթե քաղաքացիները չվստահեին իրավապահ համակարգին եւ եթե գոնե բավարար տեղեկացվածություն չունենային օրենքով սահմանված կարգով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն օժանդակելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու կարգի եւ պայմանների վերաբերյալ»,-ասաց Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ օրենսդրական բարեփոխումներով ներդվել են ինստիտուցիոնալ նոր, կանխարգելիչ նշանակություն ունեցող մի քանի առանցքային լուծումներ. «Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները, ընդլայնվել են հայտարարագիր ներկայացնող  անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց շրջանակները. դրանում ընդգրկվել են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության քննիչները: Ներդվել է ազդարարի ինստիտուտը, ինչպես նաեւ սահմանվել են ազդարարների անվտանգության հստակ իրավական երաշխիքները: Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի արդյունավետության ապահովումը լինելու է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության գործառույթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ